Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013թ. լավագույն ֆուտբոլիստ

19:42   24 դեկտեմբերի, 2013

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտարարվեց ՀՖՖ-ի ամենամյա մրցանակաբաշխությունում:

Այս տարի 24-ամյա Մխիթարյանը շրջանցեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին: 26-ամյա Մովսիսյանը երկրորդ տարին անընդմեջ գրավեց երկրորդ տեղը, իսկ 23-ամյա Օզբիլիսը եզրափակեց լավագույն եռյակը:

Հենրիխ Մխիթարյանը չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ կրկենելով 2009-ի, 2011-ի եւ 2012-ի հաջողությունը: Նա ստացավ 4 միլիոն դրամ պարգեւավճար: 

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ՀՖՖ գործկոմի անդամները, Բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները եւ տեսուչներն ու լրագրողները:

Հիշեցնենք, որ 2013-ին Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ դառնալով Գերմանիայի փոխչեմպիոնի առանցքային խաղացողներից մեկը: Ուկրաինայի նախորդ առաջնությունում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Շախտյորի» կազմում խփել էր 25 գնդակ եւ, ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, սահմանել էր Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։