Հայ ըմբիշները Սոֆիայից մեկնեցին Չինաստան. կազմերում կա փոփոխություն

00:42   24 ապրիլի, 2012

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերում Հայաստանի հավաքականը ներկայացնող ըմբիշները վաստակեցին օլիմպիական չորս ուղեգիր` երկուսը ազատ ոճայինները, երկուսն էլ հունահռոմեական ոճiի ըմբիշները: Հայաստանի օլիմպիական թիմի կազմը համալրեցին Դավիթ Սաֆարյանը, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, Արթուր Ալեքսանյանն ու Յուրի Պատրիկեեւը:

Ըմբաշամարտի այս երկու ձեւերում օլիմպիական մեդալները խաղարկվելու են յոթ քաշային կարգերում: Հաշվի առնելով այն, որ մինչեւ Սոֆիայի մրցաշարը օլիմպիական ուղեգիրը ապահովել էին ազատ ոճում 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ հունահռոմեական ոճում 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, Հայաստանի թիմերը օլիմպիական ուղեգիր կարող են վաստակել մնացած չորս քաշային կարգերում:

Սոֆիայից թիմերը մեկնելու են Չինաստան`Թաիյուան քաղաք, որտեղ ապրիլի 27-29-ը անցկացվելու է օլիմպիական վարկանիշային նախավերջին մրցաշարը: Երկու հավաքականներում էլ որոշ քաշային կարգերում փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Չինաստանում Հայաստանի հավաքականը գորգ դուրս կգա այլ կազմով:

Ազատ ոճի ըմբշամարտում 60կգ քաշային կարգում Սոֆիայում հանդես եկած Նարեկ Սանոյանի փոխարեն ուղեգրի համար կպայքարի Արթուր Բաղդասարյանը, իսկ 74 կգ քաշային կարգում Սուրեն Մարկոսյանին փոխարինելու է Մուսա Մուրթազալիեւը: Մյուս երկու քաշերում Էդգար Ենոքյանը (96կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120կգ) համարժեք փոխարինողներ չունեն եւ կշարունակեն պայքարել ուղեգրերի համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Ռոման Ամոյանի (55կգ) փոխարեն գորգ դուրս կգա Ռոբերտ Կիրակոսյանը, Ալեքսան Միքայելյանի (60կգ) փոխարեն ուղեգրի համար կպայքարի Արթուր Մկրտչյանը, Սասուն Ղամբարյանի (66կգ) փոխարեն պայքարի մեջ կմտնի Արամ Ջուլֆալակյանը եւ վերջապես Հրաչ Հովհաննիսյանի (84կգ) փոխարեն Լոնդոնի ուղեգրի համար կմրցի Տիգրան Սահակյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։