«Աջափնյակի» եւ «Ավանի» առավելությամբ

20:21   23 ապրիլի, 2012

Այս օրերին անցկացվող վոլեյբոլի պատանիների եւ աղջիկների Երեւանի առաջնության հաղթող թիմերը հայտնի են. տղաների մրցապայքարում առաջին տեղում «Աջափնյակն» է, աղջիկների մրցապայքարում՝ «Ավանը»։

Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիայի եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս օրերին Երեւանի Ավան համայնքի թիվ 1 մարզադպորցում անցկացվում են 1995-1996 թվականներին ծնված պատանիների եւ աղջիկների Երեւան քաղաքի վոլեյբոլի առաջնությունը:

«Առաջնությունն անցկացվում է Երեւանի քաղաքապետարանի  հանձնարարականով։ Այն ընթանում է երկու փուլով. առաջինը՝  1995-96 թվականների Երեւանի առաջնությունն է, որը մեկնարկել է ապրիլի 20-ին եւ կավարտվի ամսի 25-ին։ Երկրորդը՝ 1994-95 թվականների առաջնություն. վերջինս կկայանա մայիսի 1-5-ը Երեւանի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում»,- NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց առաջնության մրցավար, Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը։

Առաջնությանը մասնակցում են վարչական շրջանների թիմերը։

«Վարչական շրջանների թիմերը ձեւավորված են ըստ համայնքների մարզադպրոցների։ Բայց Երեւանի բոլոր հայանքները չէ, որ մարզադպրոցներ ունեն, կամ էլ՝ մարզադպրոցներում վոլեյբոլի թիմեր։ Մասնակիցների հիմնական կորիզը կազմում են այն համայնքների թիմերը, որոնք ավանդույթի տեսքով ունեցել են վոլեյբոլի խմբեր՝ Ավան, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր եւ Նոր-նորք։ Նախատեսվում է անցկացնել նաեւ Երեւանի մեծահասակների առաջնություն եւ այս երկու առաջնությունների հանրագումարից  նպատակ ունենք հավաքել Երեւանի հավաքական թիմ՝ երիտաարդներից եւ պատանիներից բաղկացած։ Օրինակ՝ անցյալ տարվա Երեւանի հավաքական թիմը դարձավ համահայկական խաղերի չեմպիոն։ Ի դեպ՝  հինգ անգամ Երեւանի դասական վոլեյբոլի հավաքական թիմը եղել է համահայկական խաղերի չեմպիոն»,- նշեց Կ. Ասմարյանն ու շարունակեց.  

«Երեւանի առաջնությունն անցնում է շրջանաձեւ մրցակարգով։ Բոլոր թիմերը միմյանց դեմ մրցում են։ 5 օրվա ընթացքում ըստ միավորների բարձր ցուցանիշների կկազմվեն առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այսօր առաջին տեղի աղջիկների եւ տղաների հավակնորդ թիմերը գրեթե պարզ են։ Տղաների թիմեր մրցապայքարում առաջին տեղում «Աջափնյակ» թիմն է, աղջիկների մրցապայքարում՝ «Ավանը»։ Վերջին հանդիպման օրը կորոշվեն երկրորդ եւ երրորդ տեղերը»։

Երեւանի պատանիների եւ աղջիկների առաջնության հաղթողները կպարգեւատրվեն քաղաքապետարանի պատվոգրերով, իսկ Երեւանի Վոլեյբոլի ֆեդերացիան չեմպիոն թիմերին կհանձնի գավաթներ։ Լավագույն խաղացողների համար առաջնության կազմակերպիչները սահմանել են նաեւ նվերներ։

Երեւանում անկացվող վոլեյբոլի առաջնությունները վոլեյբոլի Երեւանի հավաքական թիմ կազմելուց բացի, նպատակ ունեն նաեւ ձեւավորել լողափնյա վոլեյբոլի Երեւանի հավաքական թիմ։

«Այս տարի Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիայի հիմնական շեշտը դրված է Երեւան քաղաքի տղաների լողափնյա վոլեյբոլի թիմ կազմավորելու վրա։ Ունենք մի քանի հրավերներ դրսից՝ Արաբական Էմիրություններից եւ Մոսկվայից։ Այժմ սպասում ենք քաղաքապետի հրահանգի։ Եթե ֆինանսական միջոցները լինեն, այս երկու հրավերները մյուս դրսի հրավերների պես բաց չենք թողնի։ Ունենք երկու շատ լավ վոլեյբոլիս տղաներ, որոնք իրենց տեխնիկայով առավել են մյուսներից եւ իրենց լավ կդրսեւորեն լողափնյա վոլեյբոլում»,- հավելեց Կ. Ասմարյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։