Հենրիխ Մխիթարյան. Պետք է մոռանալ Սոֆիայում տեղի ունեցածը եւ կենտրոնանալ խաղի վրա

20:24   7 հոկտեմբերի, 2013

Պետք է մոռանալ Սոֆիայում տեղի ունեցածը եւ կենտրոնանալ առաջիկա խաղի վրա, հաղթանակի դեպքում հույսով կմեկնենք Իտալիա:

Այդ մասին Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Սոֆիայում Հայաստանը պարտվել է 0:1 հաշվով:

«Մենք տանը հաղթանակներ չենք տոնել, բայց ունենք դեռ երկու շատ կարեւոր հանդիպում, որոնց պատրաստվում ենք շատ լրջորեն: Բուլղարիայում կայացած առաջին խաղն արդեն անցյալ է: Ինչ եղավ այնտեղ, պետք է մոռանալ: Մեզ պետք է կենտրոնանալ այս խաղի վրա եւ լավ հանդես գալ: Այս մրցաշրջանում մենք գրեթե բոլոր խաղերը անցկացրել ենք կորուստներով: Մենք ունենք ազգային հավաքականի մարզիչ, ով կփորձի լուծել բացակա ֆուտբոլիստների հարցը:

Ավագի հարցը կարծում եմ կարեւոր չէ քննարկել: Ով կխաղա, չգիտեմ: Իսկ դուք Բերեզովսկուն արդեն հանե՞լ եք: Թե ինչու ես Չեխիայի հավաքականին հաղթելուց հետո ասացի, որ «շատերի բերանը փակեցինք»: Դա պատասխան էր բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում էին, թե ազգային հավաքականի հաղթանակները պատահականություն էին, որ այժմ հավաքականը անկում է ապրում: Մենք ազգ ենք ներկայացնում: Եվ պետք է ներկայացնենք մեր երկիրը: Մենք խաղում ենք մեր ազգի համար, այն մարզկանց համար, ովքեր ներկայացնում են Հայաստանը:

Բուլղարիայի հավաքականում ոչ մեկի չեմ առանձնացնի: Նրանք ընդհանուր լավ տպավորություն են թողնում: Մենք ավելի լավ է կենտրոնանանք մեր թիմի վրա: Մեզ հետաքրքիր խաղ է սպասվում:

Չեմ կարող ասել, որ ամեն բան որոշվելու է այս խաղում: Եթե մենք երեք միավոր վաստակենք, ապա Իտալիայում հույսերը կպահպանվեն, բայց այս պահին առաջնայինը Բուլղարիան է:

Փորձում եմ առավելագույնս լավ մարզավիճակում լինել թե Հայաստանի ազգային հավաքանում, թե «Բորուսիայում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կընդունի բուլղարացիներին, իսկ հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին, որն արդեն ապահովել է առաջին տեղն ու ուղեգիրը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։