Նորայր Ասլանյան. Ալբանիային պարտվելու հիմնական պատճառը վատ խաղադաշտն էր

14:54   16 օգոստոսի, 2013

«Ալբանացիները նույնպես հանդիպում էին այդ դժվարություններին, բայց նրանք սովոր էին, իսկ մենք Հայաստանում խաղում ենք շատ լավ խոտածածկի վրա»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանի ազգային հավաքականի եւ հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» կիսապաշտպան Նորայր Ասլանյանը:

Նորայր, ի՞նչ կասեք Ալբանիա – Հայաստան խաղի մասին: Ինչո՞ւ հավաքականի խաղը ձախողվեց:

Խաղադաշտը շատ վատ վիճակում էր: Խոտը լավ հնձված չէր: Ամբողջ խաղադաշտում փոսեր էին: Հայաստանի հավաքականը ավելի շատ խաղում է կարճ փոխանցումներով, իսկ այստեղ խաղադաշտը թելադրում էր խաղալ ավելի շատ երկար փոխացումերով եւ օդային խաղ, որը մերը չէր:

Բայց ալբանացիների խաղը ստացվում էր այդ խաղադաշտում:

Այո՛, նրանք նույնպես  հանդիպում էին այդ դժվարություններին, բայց նրանք սովոր էին: Հայաստանում խաղում ենք շատ լավ խոտածածկի վրա: Իհարկե, չի կարելի ամբողջ մեղքը գցել խաղադաշտի վրա: Կային նաեւ այլ խնդիրներ, բայց հիմնականը դա էր:

Ի՞նչ այլ խնդիրներ կային:

Այդ օրը Ալբանիայի պաշտպանությունը շատ լավ էր խաղում: Դժվար էր հարձակվելը, բայց սա ընկերական խաղ է: Մենք պետք է պատրաստվենք Չեխիայի դեմ խաղին:

Այնպիսի տպավորություն էր, թե ֆուտբոլիստները անտրամադիր եւ ընկճված են դուրս եկել խաղադաշտ:

Ո՛չ, ես նման բան չեմ նկատել: Բոլորն էլ լավ տրամադրություն ունեին:

Խաղից հետո մարզիչը ձեր հետ հոգեբանական աշխատանք տարա՞վ:

Այո՛, բայց դա մեր թիմի մեջ է: Դա սովորական է, երբ մարզիչը թիմի հետ աշխատանք է կատարում պարտությունից հետո:

Ի՞նչ կասես քո խաղի մասին:

Տասը րոպե խաղացի: Դժվար է գնահատական տալ: Կձգտեմ անել ամեն ինչ, որ ինձ ավելի շատ ժամանակ վստահեն:

Այսօր «Վիլլեմ Երկրորդը» հանդիպում ունի: Մասնակցելո՞ւ ես:

Ո՛չ, երեկ վերադարձա թիմ: Չհասցրեցի: Շատ գոհ եմ իմ նոր թիմից: Մարզիչը ինձ շատ է վստահում: Սա ուժեղ թիմ է: Այժմ նրանք դուրս են մնացել բարձրագույն խմբի առաջնությունից, բայց վստահ եմ՝ կվերադառնան:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։