Յուրի Վարդանյան. Նրա հետ, ով գլխավորում է հայկական սպորտը` չեմ առնչվում

20:07   3 ապրիլի, 2012

Օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը Լոնդոն Oլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներից մեդալի ակնկալիքներ ունի: Այդ մասին Յուրի Վարդանյանն ասել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Պարոն Վարդանյան, Դուք անցյալ տարի ծանր վիրահատության ենթարկվեցիք, ինչպե՞ ս եք այժմ  Ձեզ զգում:

Ամեն ինչ նորմալ է, արդեն ապաքինվել եմ: Սկսել եմ մարզվել: Կյանքումս միշտ էլ մարզվել եմ եւ առանց այդ մարզումների, ուղղակի, չեմ կարող: Բայց քանի որ մեկ տարի չէի քայլել` մկանային համակարգի խնդիր ունեմ, որը պետք է ուղղվի: Շատ քիչ է մնացել 100 տոկոսանոց մարզիկի կարգավիճակին հասնելու համար:

Ի՞նչ գնահատական կտաք հայկական սպորտի այսօրվա վիճակին:

Ընդհանուր գնահատականս` բավարար: Մենք փոքր երկիր ենք, չենք կարող համեմատվել ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ՝ Ռուսաստանի հետ: Բայց ելնելով մեր 3 միլիոնանոց ժողովրդի քանակից, բավարար եմ համարում այն, ինչ ունենք այժմ սպորտում:

Ելնելով Ձեր փորձից, ի՞ նչ պետք է անել սպորտում հաջողությունների եւ նվաճումների հասնելու համար: Ի՞ նչն է մեզ պակասում:

Ամենակարեւոր բանն է պակասում մեր ժամանակների յուրաքանչյուր մարզիկի մոտ՝ անհանգստությունը, պատասխանատվության, թասիբի, պատվի զգացումը: Սա շատ կարեւոր երեւույթ է: Ես հազարավոր մարզիկների հետ եմ առնչվել եւ նրանցից ոչ ոքի մոտ, ում հետ մենք հույս ենք կապում,  չկա այդ իմ ընդգծած հատկությունները: Սա մի բառով թասիբն է: Ես անձամբ այդ ճանապարհը որ անցել եմ եւ հասել եմ հաջողությունների, այս հատկությունների շնորհիվ եմ հասել: Երբեք ամենա-ամենա-ամենա ուժեղը չեմ եղել ոչ ֆիզիկապես, ոչ էլ բնատուր: Բայց մի բան իմ մեջ եղել է, որը ես չեմ տեսնում նրանց մեջ: Իմ քունը չի տարել, եթե ես զգացել եմ, որ իմ մոտ մի պակաս բան կա: Մեր մարզիկների մոտ այլ է. դե պակաս է, ոչինչ, կպարապեմ, մյուս մրցումներին լավ կլինի: Այսպես չի կարող լինել:  Առաջինը լինելու համար մարզիկը պետք է քուն ու դադար չունենա: Այսինքն՝ քո այդ պակասը քեզանից լավ ոչ ոք չի զգա, բայց մեր մարզիկները զգալով հանդերձ ոչինչ չեն ձեռնարկում իրենց բացը, պակասը լրացնելու համար: Այս նույն պակասը ես տեսնում եմ նաեւ իմ տղայի մոտ: Ասում եմ՝ տղա ջան, դու այսօր այս բաները պետք է անեիր: Ասում է՝ պարապմունքին կանեմ: Տո պարապմունքին չէ, ամեն վայրկյան պետք է անես, միայն քնելուց պետք է ուղեղդ անջատես: 

Իսկ կա՞ ն մարզիկներ, որոնց մեջ նկատում եք:

Քչերի մոտ եւ շատ թույլ է արտահայտված: Տանջվում եմ այդ հարցի շուրջ՝ ինչ անեմ, որ մեր մարզիկների մեջ դա վերանա: Երջանկահիշատակ Վասիլի Ալեքսեւը 8 անգամ աշխարհի չեմպիոն էր, 79 անգամ աշխարհի ռեկորդակիր: Բայց ինքն ինձ համար մարզիկ չէր: Նա ծանրություններ էր բարձրացնում, բայց դրանով չի պայմանավորվում լավ մարզիկ լինելը: Օգսեն Միրզոյանը օլիմպիական չեմպիոն է, բայց չեմ ուզում համեմատության մեջ դնել: Օգսեն Միրզոյանն էլ է օլիմպիական չեմպիոն, Յուրի Վարդանյանն էլ… Իմ պատմության մեջ ում հանդիպել եմ իմ կյանքում, 10 հոգի չի լրանա, որ ունենա իմ ասած հատկությունները:

Դուք այժմ  ՀՀ նախագահի խորհրդական եք, ինչո՞վ եք փորձում օգտակար լինել սպորտին ձեր պաշտոնի միջոցով, կա՞  զարգացման ինչ-որ ծրագիր,  որի շուրջ մտածում եք, պատրաստվում  ներկայացնել նախագահին:

Օգտակար փորձում եմ լինել իմ անցած ճանապարհով, պրոֆեսիոնալիզմով: Բայց կոնկրետ ծրագիր չեմ ներկայացնել: Շատ հարցերի շուրջ քննարկվել է, ասվել է, խոսվել է: Բայց լուրջ ծրագիր չեմ ներկայացնում, քանի որ, ով գլխավորում է սպորտը, ես չեմ առնչվում նրա հետ: Ու քանի որ այդ ծրագրերը  պետք է իրականանան իր միջոցով, ես հարմար չեմ գտնում միջամտել: Նախագահին առաջարկություններ արել եմ, բայց ամեն ինչ թողել եմ ժամանակի վրա: Մեր աշխարհագրական դիրքից ելնելով` հային համահունչ ծրագրեր պետք է մշակենք, միայն սպորտը չէ: Ես որ ՀՀ նախագահի խորհրդական եմ, դա չի նշանակում որ միայն սպորտային հարցերով պետք է զբաղվեմ: Ելնելով մեր իրավիճակից, ֆինանսական հնարավորություններից, պետք է մեզ ավելի հարիր ծրագրեր մշակենք:

Ինչո՞ւ մասնակցություն չունեք  ՀԱՕԿ-ի կամ  Հայաստանի  ծանրամարտի ֆեդերացիայի գործունեությանը:

Կողքից հետեւում եմ, ամեն ինչին տեղյակ եմ, բայց ֆիզիկապես չեմ մասնակցում:

Ժամանակի բացակայության խնդի՞րն է:

Ոչ: Անձնական:

Առջեւում օլիմպիական խաղերն են Լոնդոնում, ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ մարզիկներից, մասնավորապես, ծանրորդներից:

Երեք ամիս ժամանակ է մնում Օլիմպիական խաղերին: Ոչ մի մասնագետ վստահաբար չի կարող 100 տոկոսանոց  արդյունքի մասին խոսել, կոնկրետ ոսկե մեդալի մասին, բայց չի բացառվում, որ ունենանք իմ սպորտաձեւից՝ ծանրամարտից: Ներկայացնելու ենք 4 տղամարդ ծանրորդ, այն էլ՝ այն մարզիկներին, ովքեր մեդալ կարող են բերել: Սպորտ է, մրցակցություն է, չգիտես թե մեր մարզիկները եւ թե իրենց հակառակորդները ինչպես կզգան այնտեղ: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, հնարավոր է` նաեւ ոսկե մեդալ: Երեւի մեդալներ կունենանք:

Ձեր որդին` Նորայր Վարդանյանը գնում է հոր հետքերով:  Նա 2008-ին նվաճեց ծանրամարտի ԱՄՆ եւ ամերիկյան մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը: Այժմ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ի՞նչ սպասելիքներ ունեք նրանից:

Նորայրը պատրաստվում էր Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Սակայն նրա մասնակցության հարցը այժմ վերանայման փուլում է: Ես նախընտրում եմ, որ նա պատրաստվի Օլիմպիական խաղերին: Նորայրի եւ մյուս մարզիկների հետ հույսեր եւ ունեմ, եւ չունեմ: Այսօր ընդամենը 4 ծանրորդ ենք ուղարկում, բայց լավ կլիներ 4-ի փոխարեն 24 մարզիկ ուղարկեինք: Խորհրդային ժամանակներում ամեն քաշային կարգում մոտ 27-30 թեկնածու մարզիկ ունեինք: Այսօր մարզիկ չունենք: Ամեն մի մարզիկի վրա պիտի դողանք:

Իսկ հնարավո՞ր է`  Վարդանյան ազգանունով երկրորդ օլիմպիական չեմպիոնն ունենանք:

Ես անձամբ ոչ թե Նորայրի ծնողն եմ, այլ մարզիչը, նրան սպորտային հաջողությունների տանողը: Նա բոլոր պոտենցիալ հնարավորություններն ունի` օլիմպիական չեմպիոն լինելու: Պարզապես լավ կլիներ, որ մենք մի փոքր հետեւողական լինեինք եւ նրան այս մարզավիճակում ավելի արագ հասցնեինք: Բայց չի բացառվում, որ ինքը կհասնի եւ լավ արդյունքներ ցույց կտա: Հաջողությունը կախված է այնտեղի իրավիճակից: Այնքան վստահ եմ իմ տղայի վրա, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ անգամ նա առաջինն է լինլու:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։