Պենտագոնի նախկին ղեկավար Ռամսֆելդը կպայքարի ըմբշամարտի օլիմպիական գրանցման համար

17:15   18 փետրվարի, 2013

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը 80 տարեկանում պատրաստ է դուրս գալ մրցագորգ` Օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի իրավունքի համար:

Դոնալդ Ռամսֆելդը դպրոցում, Պրինստոնի համալսարանում եւ ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայության տարիներին մարզվել է ըմբշամարտով: The Washington Post-ում հրապարակած հոդվածում Ռամսֆելդը տարակուսել է ՄՕԿ-ի գործկոմի որոշման կապակցությամբ: Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմը հանձնարարել է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից հանել ըմբշամարտը:

«Ըմբշամարտի պատմությունն Օլիմպիական խաղերում չունի հավասարը: Օլիմպիական ծրագրից ըմբշամարտի հանելը կլինի ողբերգություն սպորտի, մարզիկների եւ Օլիմպիական խաղերի հարուստ ավանդույթների համար: Մի քանի հազարամյակում ըմբշամարտը ժողովրդականություն է նվաճել բոլոր մայրցամաքներում: Այն տարածված է գրեթե բոլոր երկրներում եւ մշակութային ժառանգության մաս է: Ըմբշամարտի միջազգային հանրությունը պետք է միավորվի եւ պայքարի, բոլոր երկրների մարզական հանրությունները պետք է գտնեն ծանրակշիռ փաստարկներ եւ համոզեն ՄՕԿ-ի ղեկավարությանը, որ անհրաժեշտ է ըմբշամարտը թողնել Օլիմպիական խաղերի ծրագրում: Ես հույս ունեմ, որ ՄՕԿ-ի գործկոմը կվերանայի իր սխալ որոշումը»,- գրել է Պենտագոնի նախկին ղեկավարը:

ԱՄՆ ըմբշամարտի ֆեդերացիան հույս ունի ստանալ երկրի ազդեցիկ քաղաքական եւ հասարակական գործիչների աջակցությունը եւ ըմբշամարտի աջակցության արշավին տալ ավելի ծանրակշիռ եւ ընդգրկուն բնույթ: Արդեն ստեղծվել է նախկին օլիմպիական չեմպիոնների հատուկ խումբ, որը ըմբշամարտի իրավունքները կպաշտպանի ՄՕԿ-ում:

«ԱՄՆ ըմբշամարտի ֆեդերացիան օգնության խնդրանքով կդիմի նաեւ միջազգային բիզնեսի առաջնորդներին եւ հանրության հետ կապերի մասնագետներին` ըմբշամարտը օլիմպիական ծրագրում թողնելու ուղղությամբ ռազմավարություն մշակելու հարցում»,- հայտնել է ֆեդերացիայի նախագահ Ռիկ Բենդերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։