Կլիչկոյին վերադարձվել է մեկ միլիոնով վաճառված Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը

12:30   30 մարտի, 2012

Գերծանրքաշային կարգի WBA, IBF, IBO եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին հետ է վերադարձվել բարեգործական աճուրդում վաճառված 1996թ. Օլիմպական խաղերի ոսկե մեդալը։

Մարտի 29-ին Կիեւում կայացած աճուրդում Կլիչկոն մեկ միլիոն դոլարի դիմաց վաճառել էր Ատլանտայի Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալը, սակայն այն անմիջապես վերադարձվել է ուկրաինացի բռնցքամարտիկին։

Աճուրդի ժամանակ Վլադիմիրը հայտնվել է բեմում եւ հայտարարել, որ անհայտ գնորդը մեկ միլիոն դոլարով գնել է մեդալը եւ որոշել է այն թողնել Կլիչկոյին՝ նշելով, որ նման քայլի է դիմում հարգելով Կլիչկոյին ու նրա ընտանիքը։

Վլադիմիր Կլիչկոն շնորհակալություն է հայտնել գնորդին՝ հայտարարելով, որ Ատլանտայի Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալն իր համար ամենաթանկ մրցանակներից մեկն է, քանի որ դա իր առաջին լուրջ հաջողությունն էր բռնցքամարտում։

Բարեգործական աճուրդի ժամանակ Կլիչկոյի իրերից վաճառված գումարը գերազանցել է 1.5 միլիոն դոլարը, հաղորդում է  Boxingscene-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։