ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 80 տարեկանում մահացած բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին։
Սրտի խոր ցավով տեղեկացա կաշվե ձեռնոցի անզուգական վարպետ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Նրան համարում էին համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական, քանզի առաջինն էր, ով կոպիտ ուժին եւ բիրտ հարվածների փոխանակմանը հակադրեց նուրբ տեխնիկա եւ ռինգում տեղաշարժվելու յուրատեսակ ոճ: Նա միայն իրեն բնորոշ վարպետությամբ եւ խոսուն հաղթանակներով համաշխարհային մարզասերին է ներկայացրել բռնցքամարտի հայկական դպրոցը եւ տարածել նրա փառքը:
Հազարավոր այն պատանիներից մեկն եմ եղել, ում բախտ է վիճակվել լինել նրա հիմնադրած ու ղեկավարած մարզադպրոցի սանը, հաճախ ունկնդրել նրա մասնագիտական դասերը, ականատեսը լինել նրա ցուցադրած տեխնիկատակտիկական տարրերին:
Անձամբ իմ եւ հայոց մարզաշխարհի մարդկանց անունից խորապես ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:
Գագիկ Ծառուկյան
ՀԱՕԿ նախագահ
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։