Արաուխո․ Շատ ափսոսում եմ, որ ձեզ ուրախություն չպարգեւեցի

19:45   17 ապրիլի, 2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն սոցիալական ցանցերում արած գրառումով ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման արդյունքի առիթով։ Կատալոնական թիմը պարտվել էր 1:4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։ Արաուխոն 29-րդ րոպեին հեռացվել էր վերջին հույս խախտման համար։

«Իմ կյանքում մեծ ուրախություն բերած ֆուտբոլն այս անգամ շատ ուժեղ հարվածեց ինձ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անվերապահորեն աջակցեցին ինձ, շնորհակալ եմ ակումբակիցներիս, որոնք բոլոր ուժերը թողեցին խաղադաշտում, շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք մինչեւ վերջին պահը հավատում էին թիմին։ Շատ ափսոսում եմ, որ ձեզ ուրախություն չպարգեւեցի։ Դարձյալ կփորձենք։ Առա՛ջ, «Բարսելոնա», միասին եւ ընդմիշտ»,- գրել է Արաուխոն։

Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:2 հաշվով։

Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։