Գոռ Մինասյան․ Սա Լաշա Տալախաձեի հանդեպ հաղթանակ չի կարելի համարել առանց նրա մասնակցության

15:05   22 փետրվարի, 2024

Լաշա Տալախաձեի հանդեպ սա հաղթանակ չի կարելի համարել, որովհետեւ առանց մասնակցության, հաղթանակ չկա: Մեզ պետք է, որ մասնակցություն լինի եւ արդար պայքարում Հայաստանի դրոշը բարձրացնենք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, Բահրեյնի հավաքականի կազմում Ասիայի չեմպիոն Գոռ Մինասյանը:

Հայաստանի հավաքականի նախկին անդամը նախորդ գիշեր եկել էր Եվրոպայի առաջնությունից վերադարձող թիմակիցներին դիմավորելու: Նշենք, որ Գոռ Մինասյանը +109 կգ քաշային կարգում աշխարհի ուժեղագույններից մեկն է, որը Օլիմպիական խաղերում Բահրեյնի կազմում Վարազդատ Լալայանի եւ Լաշա Տալախաձեի հետ կպայքարի օլիմպիական ոսկե մեդալի համար:

«Եվրոպայի առաջնությունները կարոտել եմ: +109 կգ քաշայինների պայքարում Վարազդատ Լալայանի առավելությունը բացահայտ էր: Այստեղ մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Լաշա Տալախաձեի հանդեպ սա հաղթանակ չի կարելի համարել, որովհետեւ առանց մասնակցության հաղթանակ չկա: Մեր առաջնային նպատակն այն է, որ Օլիմպիական խաղերում այս նույն արդյունքը՝ հաղթանակը կրկնվի Տալախաձեի մասնակցությամբ:

Ամեն ինչ գնում է նրան, որ մենք առավելության հասնենք վրացի ծանրորդի նկատմամբ: Մեր կիլոգրամներն ավելանում են, նրանը, ինչպես տեսնում եք՝ նվազում են: Մեզ պետք չի, որ առանց նրա մասնակցության հաղթենք: Մեզ պետք է, որ մասնակցություն լինի եւ արդար պայքարում Հայաստանի դրոշը բարձրացնենք»,- ասաց Գոռ Մինասյանը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (205+250):

+109 կգ քաշային կարգի առաջատար, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվել էր պայքարից:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։