Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին:
Առաջին մրցափուլը Անդրեասյանը սկսեց մեծ ակտիվությամբ: Մեկ րոպե անց գորգի մրցավարը վրացի ըմբիշին պասիվություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցը հնարքի չգնաց, Անդրեասյանը մեկ միավոր վաստակեց: Վայրկյաններ անց վրացի մրցակիցը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշվի մեջ առաջ անցավ:
Երկրորդ մրցափուլում մրցակիցը եւս մեկ միավոր վաստակեց Անդրեասյանի պասիվության շնորհիվ: 3:1 հաշվից հետո Արման Անդրեասյանը մրցակցին երկու անգամ աշխատանքային գորգից դուրս հանեց: Վերջին վայրկյաններին 4 միավորանոց գցումով հաշիվը դարձրեց 7:3:
Ադրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին։ Քառորդ երզափակիչում 6:5 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաեւի նկատմամբ: Կիսաեզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 8:5 հաշվով:
Արման Անդրեասյանը աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի փոխչեմպիոն:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականում 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։