Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

20:33   17 փետրվարի, 2024

Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշայինների եզրաափակիչում  Հայաստանի թիմի առաջատար ըմբիշը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Գոտեմարտի առաջին վայրկյանին Հարությունյանը հարմար բռնվածքով 4 գլորումով հաշիվը դարձրեց 10:0 եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում նա մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ եւ հաղթեց 10:0 հաշվով: Գոտեմարտը տեւեց 1 րոպե 25 վայրկյան:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2019, 2022 եւ 2023 թվականներին:

Արսեն Հարությունյանը 23 տարեկան է: 2021, 2022 եւ 2023 թվականների աշխարհի բրոնզե մեդալակիր է, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մասնակից: Սեպտեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելով, նվաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Քիչ անց եզրափակիչի գոտեմարտ կանցակցնի Արման Անդրեասյանը (70 կգ): Չեմպիոնի տիտղոսի համար Անդրեասյանը կգոտեմարտի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ: Կիսաեզրափակիչում Անդրեասյանը 8:5 հաշվով հաղթել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։