Կլիչկո եղբայրների մենեջեր. Պովետկինին աշխարհի չեմպիոն չեմ համարում

13:21   1 հոկտեմբերի, 2012

Ես չեմ համարում Պովետկինին աշխարհի չեմպիոն, հայտարարել է Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բենտեն։ WBA վարկածով աշխարհի «սովորական» չեմպիոն համարվող Պովետկինն ընդամենը տիտղոսի հավակնորդ է։

Սեպտեմբերի 29-ին Համբուրգում Պովետկինը տեխնիկական նոկաուտով հաղթեց ամերիկացի Հասիմ Ռահմանին եւ պաշտպանեց տիտղոսը։ WBA-ի կանոններով ռուսաստանցին պետք է մենամարտ անցկացնի այս կազմակերպության վարկածով «սուպերչեմպիոն» ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ։

Պովետկինի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը հայտարարել է, որ Կլիչկոն Պովետկինի հետ պետք է մենամարտի մինչեւ 2013թ. փետրվարի 27-ը։ Բենտեի խոսքով, իրականում, ուկրաինացի չեմպիոնը ժամանակ ունի մինչեւ հուլիս։

«Վլադիմիրի կարգավիճակն այնպիսին է, որ ոչ մի կազմակերպություն չի կարող նրան որեւէ բան թելադրել»,- Կլիչկոների մենեջերի խոսքը մեջբերում է Rheinische Post-ը։

Հիշեցնենք, որ Կլիչկո կրտսերը հաջորդ մենամարտը կանցկացնի 2012թ. նոյեմբերին լեհ Մարիուշ Վախի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։