Հայաստանի հավաքականի առաջին պարտությունը

23:48   11 սեպտեմբերի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին պարտությունը կրեց աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում:

Երկրորդ տուրում Վարդան Մինասյանի թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Բուլղարիայի հավաքականին: Սոֆիայում կայացած խաղի հաղթական գնդակը 44-րդ րոպեին խփեց հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Ստանիսլավ Մանոլեւը:

Բուլղարացիները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն Հայաստանի թիմը շատ վստահ տեսք ուներ եւ ժամանակի ընթացքում կարողացավ հավասարեցնել խաղը: Առաջին խաղակեսում հյուրերը շեշտը դրել էին հակագրոհների մարտավարության վրա, բայց բուլղարացիների դարպասապահ Նիկոլայ Միխայլովի պաշտպանած դարպասի մոտ իրական գոլային պահեր չեղան: Դաշտի տերերը նույնպես վտանգավոր չէին գործում առջեւի գծում, սակայն 44-րդ րոպեին բացեցին հաշիվը: Իվելին Պոպովի գերազանց փոխանցումից հետո Ստանիսլավ Մանոլեւն առաջ մղեց Բուլղարիայի թիմին: Առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ Լեւոն Հայրապետյանը, ում փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը:

Ընդմիջումից հետո Հայաստանի թիմը շատ ակտիվ էր գործում եւ ուներ խաղային նկատելի առավելություն: Հյուրերը բազմաթիվ գրոհներ անցկացրին, բայց այդպես էլ չկարողացան գրավել բուլղարացիների դարպասը: Բեկումնային եղավ խաղի 70-րդ րոպեն, երբ Հենրիխ Մխիթարյանը հրեց մրցակցի պաշտպանին: Թիմերի միջեւ սկսվեց վիճաբանություն, ինչի հետեւանքով 73-րդ րոպեին Մարկոս Պիզելին ու բուլղարացի Սվետոսլավ Դյակովը հեռացվեցին խաղադաշտից: Րոպեներ անց ոչ մարզական վարք դրսեւորոլու համար կարմիր քարտ ստացավ նաեւ Գեւորգ Ղազարյանը: Նա գնդակով հարվածեց վազքուղում կանգնած երեխային, որը գնդակ էր մատուցում: Հայաստանի թիմը մնաց 9 ֆուտբոլիստներով:

Բուլղարացիները հաղթանակով ավարտեցին հանդիպումը եւ երկու խաղից հետո ունեն 4 միավոր: Հայաստանի հավաքականը մնաց երեք միավորով:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բուլղարիայի թիմերից բացի B խմբում են ընդգրկված նաեւ Իտալիայի, Դանիայի, Չեխիայի եւ Մալթայի հավաքականները: Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին չեն մասնակցի երրորդ տուրի՝ իտալացիների հետ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 12-ին Երեւանում:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, 2-րդ տուր

Բուլղարիա – Հայաստան՝ 1:0

Ստանիսլավ Մանոլեւ, 44

Հեռացում՝ Սվետոսլավ Դյակով, 73 (Բուլղարիա) – Մարկոս Պիզելի, 73, Գեւորգ Ղազարյան, 77 (Հայաստան)

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Լեւոն Հայրապետյան (Արտակ Եդիգարյան, 43), Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Սարկիսով, 76), Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 55), Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։