16:29  AMT,  4 օգոստոսի, 2012

Օլիմպիական Արսեն Սարգսյանի անձնական մարզիչ. Սա նրա ամենացածր արդյունքն էր

«Արսենը պետք է միայնակ չմնար։ Լոնդոնում ես նրա կողքին պետք է լինեի: Եթե լինեի, ապա ավելի բարձր արդյունք կունենայինք եւ կլինեինք եզրափակիչում»։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում հեռացատկորդ Արսեն Սարգսյանի ելույթը նրա անձնական մարզիչ Սեդրակ Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանին ու Արսեն Սարգսյանին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլը։

Արսեն Սարգսյանը լավագույն փորձի ժամանակ ցույց տվեց  7.62 մ արդյունք` գրավելով  25-րդ տեղը, Վարդան Փահլեւանյանը` 6.55 մ արդյունքով զբաղեցրեց  վերջին տեղը:  
Նշենք, նաեւ որ եզրափակիչ փուլ դուրս գալու համար անցողիկ եղավ 7.92 մ արդյունքը, իսկ լավագույն արդյունքը`8.11մ, ցույց տվեց բրազիլացի Մաուրո Վինիցիուս Դա Սիլվանին:

Պարոն Դալլաքյան, ի՞նչ գնահատական կտաք Արսեն Սարգսյանի արդյունքներին:

Նրա հնարավորությունների համեմատ  7.62-ը ցածր արդյունք է: Արդեն զրուցել եմ նրա հետ: Պարզվում է` մեջքի վնասվածք է ստացել: Դա խանգարեց նրան: Ես Արսենի հնարավորությունները շատ լավ գիտեմ: Սա նրա առաջին խոշորագույն մրցումն էր եւ նա կարող էր, այսինքն` ուներ բոլոր նախադրյալները եզրափակիչ մտնելու համար: Միայն թե այդ վնասվածքը չստանար:

Եթե վնասվածք չստանար, Արսենը կկարողանա՞ր հաղթահարել որակավորումը:
Միանշանակ: Անցողիկ արդյունքից Արսենին պակասում էր մի քանի սանտիմետր: Իսկ լավագույն արդյունքը եղավ 8,11-ը, որը հաջողվեց 48 մասնակիցներից երկուսին միայն:

Պարոն Դալլաքյան, անձնական մարզիչի բացակայությունն ազդեցությունն ունեցա՞վ Արսենի ցուցաբերած ոչ բավարար արդյունքի վրա, կամ ինչու չէ` նաեւ ողնաշարի վնասվածք ստանալու հարցում:

Ավելին քան վստահ եմ, որ ունեցավ: Արսենը բավական երկար ժամանակահատված միայնակ մնաց` առանց անձնական մարզիչի, վերջինիս ցուցումների: Ես չեմ թերագնահատում մինչ այս օրը նրա հետ աշխատած մարդկանց, բայց այնպես, ինչպես ես եմ հասկանում Արսենին, ոչ ոք չի հասկանա: Ես նրա ամեն ինչը գիտեմ, նույնիսկ դեմքի արտահայտությունից հասկանում եմ, թե մարմնի որ հատվածն է ցավում: Վատն այն է, որ ես նրա հետ չեմ եղել, չեմ գնացել եւ առհասարակ մրցումներին չեմ կարողանում նրա կողքին լինել: Համոզված եմ, որ նա իմ կարիքն ուներ:

Արսենն ավելին կարո՞ղ էր, թե՞ սա նրա հնարավորությունների սահմանագիծն էր:

Սա նրա ամենացածր արդյունքն էր, որ կարող էր գրանցել: Նա ցատկում է ամենաքիչը ութ մետր: Բայց երբ որեւէ վնասված է ունենում, այս պատկերն ենք ստանում: Ես կկռահեի, եթե վաղօրոք իմանայի, որ նա մեջքի ցավեր ունի: Ես ուշ տեղեկացա, որ այս ցավերը գլուխ են բարձրացրել դեռեւս Ֆրանսիայում: Եթե իմանայի, նրա արդյունքն ինձ անակնկալի չէր բերի, քանի որ ես վստահ էի, որ մենք եզրափակիչում ենք լինելու:

Ստացվում է, որ Ձեզ Արսենի արդյունքը չի գոհացրել։

Առաջին անգամվա համար վատ չէր: Շատ կուզենայի, որ իմ մարզիկը որեւէ տեղ զբաղեցներ, բայց չստացվեց, ինչ կարող ենք անել…Կարեւորն այն է` որ չի ձախողել։ Գոնե փորձել է, պայքարել է եւ ամենակարեւորը` զրո չի ստացել: 

Ես մարզիչ եմ եւ բնական է, որ նրանից ակնկալում եմ ավելին եւ ուզում եմ տեսնել նրան լավ արդյունքներով: Բայց ոչինչ… Կնախապատրաստվենք մյուս Օլիմպիական խաղերին:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Hayk 16:35-05/08
Tuzik ardyunqner en cuyc talis, marzichneric el ov chi gnacel, et xaytarak ardyunqner@ ogtagorcuma ira yndex chlinelu het kapi et, poxanak amachen u sus mnan. Ha du el gnajir es axqat joxovrdi hashvin Londonum frfrajir, mtam en gnacacner@ sax Angliaji sarer@ shur tvecin, menak du eir pakas...
  • Այս թեմայով


  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ