20:25  ,  29 հուլիսի, 2012

Սպորտի նախարար: Ամբողջ թիմին կորակազրկեին, եթե դոպինգի խնդիր լիներ. Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք է ստացել

Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք է ստացել, դոպինգի խնդիր չկա, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լոնդոնում գտնվող սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ կոչ անելով չհավատալ շրջանառվող լուրերին եւ սպասել ոսկե մեդալների։

Պարոն Ռոստոմյան, մանրամասն կասե՞ք Տիգրան Մարտիրոսյանի վնասվածքի մասին:

Նա վնասվածք ստացավ Պոդոլսկում, մարզումների նախավերջին օրը: Վնասվածքը խորացավ, եւ նա չկարողացավ մասնակցել Խաղերին:

Տիգրանին փոխարինող մարզիկ չկա՞:  Ինչո՞ւ ժամանակին այլ ծանրորդի չէիք հայտավորել:

Մենք վերջնական հայտը ներկայացրել ենք եւ այն փոխելու իրավունք չունենք: Մենք չէինք կանխատեսել, որ Տիգրան Մարտիրոսյանը կարող է վնասվածք ստանալ:

Բայց ծանրամարտն այն մարզաձեւն է, որտեղ ամենից  շատն է հավանական  վնասվածք ստանալը:

Եթե մարդ բարոյականություն ունի, ինչպե՞ս կարող էր մտածել, որ Տիգրան Մարտիրոսյանը կարող էր վնասվածք ստանալ: Տենց մարդ կա՞… Նա մեկ ամիս առաջ չի վնասվածք ստացել, այլ մեկ օր առաջ, ընդամենը մեկ օր:

Պարոն Ռոստոմյան, լուրեր են շրջանառվում, թե Տիգրան Մարտիրոսյանը ոչ թե վնասվածք է ստացել, այլ չի հասցրել ամբողջությամբ մաքրվել դոպինգ-թեստից առաջ:

Անլուրջ բաներով եք զբաղված: Հասկանո՞ւմ եք, եթե դա լիներ դոպինգ, ամբողջ թիմին կորակազրկեին, այլ ոչ թե մի մարզիկի: Եթե դոպինգ է լինում, դա միայն մեկի վրա չի ազդում: Պետք չէ հավատալ ասեկոսեներին: Տիգրանի վնասվածքը շատերին մեծ ցավ պատճառեց:

Իսկ այլ մարզձեւերի մասին ի՞նչ կասեք: Գուցե սպասելիքներն ավելի շա՞տ էին:

Չէ, երեւի օրինաչափ է: Ասում են` ախորժակը ուտելիս է բացվում: Ձյուդոիստ Դավթյան Հովհաննեսը շատ մոտ էր հաջողության, բայց մի քանի դժվար գոտեմարտ անցկացնելուց հետո, ուժերը չհերիքեցին: Եթե համեմատենք 2008-ի Օլիմպիական խաղերի հետ, ապա ձյուդոյի արդյունքերն անհամեմատ լավացել են, եւ մենք վստահ ենք, որ ավելի լավ արդյունքերի ենք հասնելու:

Ոսկե մեդալի հույսեր պահպանե՞նք:

Իհարկե: Ամեն ինչ լավ է լինելու: Չե՞ք հավատում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով