18:39  ,  19 հուլիսի, 2012

Մարկոս. Պետրեսկուն մանրակրկիտ աշխատում է մեր սխալները վրա

Մրցաշրջանի սկզբում բոլոր թիմերն ունենում են զրո միավոր, եւ մենք լավ հնարավորություն ունենք՝ հաճելիորեն զարմացնել բոլորին: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:

«Հուսով եմ, որ նոր մրցաշրջանի սկզբում ավելի լավ հանդես կգանք, քան տարվա սկզբնամասում: Դան Պետրեսկուն մանրակրկիտ աշխատում է մեր սխալները վրա: Լավագույն ութնյակում հանդես գալը մեծ օգուտ տվեց մեզ: Ակումբի մարզչական շտաբը հիանալի գիտի, թե թիմի որ օղակն ուժեղացնելու կարիք ունի: Այդ իսկ պատճառով հավատում եմ, որ 2012/2013թթ. մրցաշրջանում ավելի լավ հանդես կգանք եւ ավելի քիչ սխալներ թույլ կտանք»,- Մարկոսի խոսքը փոխանցում է «Կուբանի» պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի խաղացողն անդրադարձել է նաեւ Մախաչկալայի «Անժիին», որի հետ «Կուբանը» կհանդիպի Ռուսաստանի առաջնության առաջին տուրում:

«Անժին» բավականին ուժեղ կողմեր ունի: Թիմի հիմնական կազմում խաղում են շատ հայտնի ֆուտբոլիստներ: Սակայն նախորդ մրցաշրջանում ապացուցեցինք, որ դա միշտ չի երաշխավորում է մրցակցի հաղթանակը: Մենք չունենք այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք հանդես են գալիս «Անժիում», մեր խաղացողների աշխատավարձն այդքան բարձր չէ, սակայն խաղը միշտ սկսվում է 0-0 հաշվով: «Կուբանի» 11 ֆուտբոլիստները խաղադաշտում պայքարում են ոչ թե մեքենաների, այլ սովորական մարդկանց դեմ: Մրցաշրջանի սկզբում բոլոր թիմերն ունենում են զրո միավոր, եւ մենք լավ հնարավորություն ունենք՝ հաճելիորեն զարմացնել բոլորին»,- նշել է Մարկոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում