13:25  ,  16 հուլիսի, 2012

Վլադիմիր Հակոբյան. Ստամբուլում կձգտենք գրավել ամենաբարձր տեղը

Շախմատային կարիերան չափազանց ծանր ուղի է, չինական «Սինհուա» պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի խաղացող Վլադիմիր Հակոբյանը, որն այս օրերին հանդես է գալիս Չինաստանի ակումբային առաջնությունում։

«Անձամբ ես չէի ցանկանա, որ իմ որդիները դառնային պրոֆեսիոնալ շախմատիստներ, քանի որ դա շատ բարդ է։ Ես քիչ առաջ Չինաստանի լիգայի առաջնության 10-րդ տուրում հաղթեցի 13-ամյա մի շախմատիստի, որը մեկ տարով կրտսեր է իմ ավագ որդուց։ Ես չէի ցանկանա, որ մի օր որդիներս հայտնվեին իմ տեղում։ Բարձրակարգ շախմատիստ դառնալու համար անհրաժեշտ է շատ աշխատել եւ մտածել միայն շախմատի մասին»,- ասել է Վլադիմիր Հակոբյանը։

Գրոսմայստերն անդրադարձել է նաեւ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք 40-րդ Համաշխարհային օլիմպիադային։

«Լավ պատրաստ լինելուց բացի շատ կարեւոր է նաեւ հաջողություն ունենալ։ Հավաքականում խաղալիս, ամենակարեւորը պատասխանատվության զգացումն է։ Ամեն դեպքում, մենք կձգտենք գրավել ամենաբարձր տեղը»,- ասել է Վլադիմիր Հակոբյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում