12:58  ,  28 հոկտեմբերի, 2016

Daily Mail․ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատների համբերության բաժակը լցվում է Մխիթարյանի հարցով

Բրիտանական Daily Mail հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքից վերականգնվելուց հետո չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Ամեն առավոտ Հենրիխ Մխիթարյանը դուրս է գալիս իր 5 աստղանի հյուրանոցից եւ առաջինը մեկնում Կերինգթոն «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը՝ նախընտրելով փակվել մարզաբազայում։ 6 լեզուներով խոսացող Մխիթարյանը բարեհաճ եւ շփվող տղա է։ Ակումբի ամբողջ անձնակազմը նրան ընդունում է որպես իսկական ջենթելմեն։

Մոուրինյոն նրան միայն մեկ անգամ է ընդգրկել մեկնարկային կազմում՝ 7 շաբաթ առաջ խաղադաշտ դուրս բերելով մանչեսթերյան դերբիում, որում նա փոխարինվեց ընդմիջմանը։ Դրանից հետո նա չի հայտավորվում թիմի կազմում։ Իհարկե, դերակատարում ունեցավ նաեւ Հայաստանի հավաքականում ստացած վնասվածքը, որը կրկնվեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Մոուրինյոն մի քանի անգամ ասել է, որ Մխիթարյանը լիովին վերականգնվել է եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն վերջերս մարզիչը նշեց, որ վնասվածք չունենալն ու պաշտոնական խաղում դաշտ դուրս գալուն պատրաստ լինելը տարբեր բաներ են։ Շատ երկրպագուներ այդ իրավիճակը համեմատեցին Մոուրինյոյի՝ Բաստիան Շվայնշտայգերի հանդեպ վերաբերմունքի հետ։ Սակայն այդ 2 դեպքերը տարբեր են, քանի որ Մխիթարյանին ձեռք է բերել հենց Մոուրինյոն։

Յուրաքանչյուր խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համբերության բաժակը լցվում է։ #freeMkhitaryan հեշթեգով շատ երկրպագուներ իրենց դժգոհությունն են հայտնում Գերմանիայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստի բացակայության վերաբերյալ։ Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը ցանկանում է, որ Մխիթարյանը լիովին պատրաստ լինի, քանի որ եւս մեկ անհաջող ելույթ կարող է անդրադառնալ ֆուտբոլիստի վստահության վրա։  Ամեն դեպքում, տարօրինակ է, որ Հենրիխը, մի քանի շաբաթ մարզվելով թիմի ընդհանուր խմբում, դեռ չի ընդգրկվում հայտացուցակում։

Թվում է, որ հայ կիսապաշտպանի՝ խաղադաշտ վերադառնալու ամենահարմար պահը «Բարնլիի» դեմ հանդիպումն է։ Եթե նա դարձյալ չհայտավորվի, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ավելի ակտիվորեն կպահանջեն բացատրություն»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում