12:04  ,  27 հոկտեմբերի, 2016

Մոուրինյոն՝ սպասված հաղթանակի եւ ֆանատներից ներողություն խնդրելու մասին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից եւ հաջորդ փուլ դուրս գալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին: Նախորդ շաբաթ ամեն բան մեր դեմ էր, բայց մենք պրոֆեսիոնալ ենք: Երկրպագուները դժվարությամբ էին ապրում նախորդ խաղերի արդյունքները, եւ դերբիում հաղթանակը կփոխանցի դրական հույզեր:

Երբեք չեմ հանդիպել այնպիսի երկրպագուների, ինչպիսիք «Մանչեսթեր Յունայթեդում» են: Մենք պարտվեցինք 0:4 հաշվով, սակայն նրանք աջակցում էին մեզ: Այսօր ամբողջ ստադիոնը երկրպագում էր մեզ եւ ցուցադրում իր սերն ակումբի հանդեպ: Մենք պետք է վարձահատույց լինեինք դրա համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Մանչեսթերյան դերբիից հետո պորտուգալացի մասնագետը մոտեցել է երկրպագուներին եւ ներողություն խնդրել Պրեմյեր լիգայի նախորդ տուրում «Չելսիից» կրած 0:4 հաշվով պարտության համար:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն դարձյալ չէր հայտավորել Հենրիխ Մխիթարյանին, որը վաղուց վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում