17:15  ,  26 հոկտեմբերի, 2016

Գերմանիայում հանդես եկող հայ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Հայաստան

Մեծ ցանկություն ունեմ խաղալ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում: Հարկ եղած դեպքում կտեղափոխվեմ նաեւ հայկական որեւէ ակումբ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանական «Օյսկիրխեն» ակումբի 18-ամյա ֆուտբոլիստ Հարություն Գարինյանը, որն օրերս Գերմանիայում մինչեւ 19 տարեկանների Mittelhrein լիգայում ճանաչվել է շաբաթվա լավագույն պաշտպան։

«Ֆուտբոլ խաղում եմ 6 տարեկանից։ Գերմանիայում զարգանալու, աճելու տեղ շատ կա, բայց ցանկանում եմ խաղալ իմ հայրենիքում։ Մեծ ցանկություն ունեմ հանդես գալ Հայաստանի Մ-19 հավաքականում եւ հարկ եղած դեպքում նույնիսկ կտեղափոխվեմ հայկական որեւէ ակումբ։ Հնարավորություն ունեցել եմ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում մասնակցել երկու խաղերի, երկուսն էլ՝ Սլովակիայի դեմ։

Այս պահին խաղում եմ գերմանական «Օյսկիրխեն» ակումբում։ Օրերս մինչեւ 19 տարեկանների Mittelhrein առաջնությունում 15 թիմերի մեջ ճանաչվեցի շաբաթվա լավագույն պաշտպան: Ընդգրկվեցի նաեւ 11 լավագույն խաղացողների մեջ»,- զրույցում ասաց Հարություն Գարինյանը։

Գարինյանը ծնվել է Գերմանիայում: Խաղացել է գերմանական «Վիկտորիա Քյոլն» (2013-2014), «Ֆորտունա Քյոլն» (2014-2015), «Մյոնխենգլադբախ» (2015-2016) ակումբներում, իսկ այս տարվա սկզբնամասում միացել է «Օյսկիրխեն» թիմին։ 180 սմ հասակ ունեցեղ ֆուտբոլիստը խաղում է աջ պաշտպանի դիրքում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով