18:43  ,  25 հոկտեմբերի, 2016

«Յուվենտուսի» եւ գործակալ Ռայոլայի եկամուտները Պոգբայի վաճառքից

Թուրինի «Յուվենտուսը» Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վաճառքից ստացել է 72 միլիոն եվրո եկամուտ: Այդ մասին հայտնել է իտալական ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան: Նա նշել է, որ «Յուվենտուսը» չի ցանկացել վաճառել 23-ամյա ֆուտբոլիստին:

«Պոգբայի համար «Յուվենտուսը» «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել էր 1.5 միլիոն եվրո: Չորս տարի անց ֆուտբոլիստը ցանկացավ ամեն գնով վերադառնալ Անգլիա: Մեր պահանջած գումարն էր 105 միլիոն եվրո, գումարած 5 միլիոն եվրո բոնուսը, եթե հետագայում Պոգբան երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կամ նրա տրանսֆերը վաճառվի 50 միլիոն եվրոյից թանկ: «Յուվենտուսը» կունենա 95 միլիոն եվրոյի եկամուտ: Բոլոր հարկերի վճարումից հետո կմնա 72 միլիոն եվրո: Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան եւ նրա ընկերությունը կստանան 27 միլիոն եվրո»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ գվինեական ծագումով ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում