17:41  ,  24 հոկտեմբերի, 2016

Հայաստանը մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Մալայզիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ, 17-ամյա Կարեն Ավագյանը: 85 կգ քաշայինների պայքարում նա ցույց է տվել 318 կգ (145+173) արդյունք՝ չեմպիոնի տիտղոսը նվաճած վենեսուելացի Ջիովանի Վալենիլա Սանչեսից հետ մնալով 11 կգ, իսկ երկրորդ տեղը գրաված կոլումբացի Խուան Ֆելիպե Սոլիս Արբոլեդայից՝ 10 կգ:

Հայաստանը մրցավայր է մեկնել երեք մասնակիցներով: Տղաների +94 կգ քաշային կարգում հանդես կգա Վարազդատ Լալայանը: Նա հայտավորված է ուժեղագույնների խմբում եւ մրցահարթակ դուրս կգա հոկտեմբերի 25-ին:

Նույն օրը աղջիկների +69 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արփինե Դալալյանը, որը եւս հանդես կգա ուժեղագույնների խմբում:

Մրցաշարի մրցավարների թվում է նաեւ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Ավագյանը այս տարվա Եվրոպայի պատանեկան չեմպիոնն է (330 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում