14:14  ,  24 հոկտեմբերի, 2016

«Արարատի» տնօրեն. Ժամանակն է, որ Հայաստանը եւս հոկեյի թիմ ունենա ձմեռային Օլիմպիական խաղերում

Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբի խաղացողները պատրաստ են ներկայացնել Հայաստանը, սակայն մարզիկների քաղաքացիության, անձնագրերի հարցը դեռ չի լուծվում: Մտավախություն կա, որ ռուս եւ բելառուս խաղացողներին պարտադիր ծառայության կզորակոչեն Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո։

Այս մասին լրագրողների հետ զրույցում Մինսկից տեսակամուրջով ասաց տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնությանը մասնակցող «Արարատ» ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը։

«Մենք շատ լավ թիմ ենք ձեւավորել, մթնոլորտն ընկերական է, տղաները ձգտում են լավ արդյունքներ ցույց տալ։ Թիմի մի մասը հայեր են, ովքեր նույնպես լավ որակներ ունեն։ Այնպես չէ, որ խաղերն ընկնում են ռուս հոկեյիստների ուսերին: Հայ տղաները նույնպես լավ խաղ են ցուցադրում»,- ասաց Ռուբեն Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում հայտավորված 22 խաղացողներից հայեր են պաշտպան Արտեմ Մանուկյանը, հարձակվողներ Արթուր Ալոյանը, Արտյոմ Բազյանը, Գեորգի Բուրդոյանը, Վալերի Մկրտչյանը, Ալեքսանդր Օհանյանը, Տիգրան Շաքարովը:

Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Չուխը նույնպես բարձր գնահատեց թիմի կազմում ընդգրկված հայ հոկեյիստների որակները։

«Բելառուսի Բարձրագույն լիգայում, կարծում եմ, լավ ենք հանդես գալիս։ Թերեւս հաղթանակները խոսում են թիմի որակների մասին։ Այսօր պատասխան հանդիպում ունենք Մինսկի «Դինամոյի» հետ, որին երեկ հաղթեցինք 4:1 հաշվով։ Կարծում եմ՝ այսօր համառ պայքար է սպասվում մեզ։ Մեծ սիրով ընդունեցի «Արարատը» գլխավորելու առաջարկը։ Սա ինձ համար նոր փորձություն էր, նոր մարտահրավեր՝ լավագույն արդյունքների հասնելու համար։ Ինձ համար հաճելի է հայ հոկեյիստների հետ աշխատելը։ Եթե անկեղծ լինեմ, ինձ հայերը հաճելի զարմացրել են իրենց պարտաճանչությամբ, պատասխանատվության զգացումով, մարդկային որակներով։ Շատ լավ տղաներ են, դաստիարակված եւ նրանց հետ աշխատելն ինձ շատ հաճելի է։ Փորձում եմ նրանցից հայերեն սովորել, արդեն բարի լույսը հայերենով եմ ասում»,- նշեց մարզիչը։

Ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը նաեւ խոսեց թիմը Հայաստանի դրոշի ներքո ներկայացնելու ծրագրերի մասին եւ թե ինչն է խանգարում «Արարատին» դուրս գալ միջազգային մրցասպարեզ՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ։

«Մեր նպատակն է աշխարհին պատմել հայկական արմատներ ունեցող հոկեյի ակումբի մասին, եւ որ հոկեյ խաղում են իսկական հայերը։ Նպատակ ունենք «Արարատ» թիմը հանել նաեւ միջազգային ասպարեզ, բայց դեռ չենք կարող ներկայացնել Հայաստանը, հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո եւ մասնակցել միջազգային մրցաշարերի, քանի որ թիմի խաղացողները  չունեն հայկական անձնագրեր։ Որպեսզի ներկայացնենք մեր երկիրը, պետք է նախ խաղացողների ազգության հարցը լուծենք։ Տղաները պատրաստ են ներկայացնել Հայաստանը, խաղալ Հայաստանի համար եւ բարձր պահել Հայաստանի անունը միջազգային մրցաշարերում, բայց անձնագրերի հարցը խոչընդոտում է մեր գործունեությանը։ Մենք արդեն դիմել ենք դեսպանատուն, ես անձամբ զրույցներ եւ քննարկումներ եմ ունեցել հայկական կողմի հետ, սպորտի նախարարության հետ, որպեսզի մեր մարզիկներին տանք երկքաղաքացիություն եւ թիմին հայտավորենք միջազգային մրցաշարերին։ Այսպես մենք հնարավորություն կունենանք հետագայում մասնակցել նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանը եւս ունենա տափօղակով հոկեյի թիմ ձմեռային Օլիմպիական խաղերում։ Սրանք, իհարկե, հետագայի ծրագրեր են, բայց թիմի հիմքն արդեն դրված է։ Իսկ աշխարհի գավաթի խաղարկություններին հայտավորվելու համար տվյալ թիմը պարտավորվում է 16 ամվա խաղային փորձ ունենալ սեփական երկրի ակումբներում, այսինքն մեր պարագայում՝ հայկական ակումբ «Արարատում»։ Մեր ակումբի հոկեյիստների մեծ մասն արդեն լրացրել է 16 ամսվա խաղային փորձը։

Մեկ այլ խնդիր կա, որ Հայաստանը, հայկական կողմը եւս ցուցաբերի հետաքրքրություն այս մարզաձեւի, մարզաձեւի զարգացման հարցում լումա ունենալուն։ Այս պահին ձգձգվում է մեր մարզիկներին քաղաքացիություն տալու հարցը, քանի որ զինծառայության հետ կապված խնդիրներ կան։ Ծնողները մտահոգված են, որ քաղաքացիություն ստանալուն պես իրենց երեխաներին կզորակոչեն ծառայության։ Փորձում ենք հայկական կողմի հետ այս հարցը եւս լուծել, որպեսզի ռուս, բելառուս տղաները պարտադիր զինծառայության չանցնեն Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո։

Մենք շատ ենք ցանկանում, որ Հայաստանում հոկեյը զարգանա, բոլորս էլ հասկանում ենք, որ մի ակումբով մարզաձեւը չի զարգանա։ Երեւանում արդեն ունենք հրաշալի սահադաշտ եւ հաճելի կլինի, որ դպրոց ստեղծվի, լավ մարզիչներ հրավիրվեն եւ թիմեր ձեւավորվեն Հայաստանում, իսկ հավաքականը լիարժեք կազմավորվի։ Ես բազմիցս զրուցել եմ լավագույն մարզիչների հետ, այսօր բոլորն էլ պատրաստ են գալ եւ աշխատել Հայաստանում, մարզել հայ հոկեյիստներին։ Մենք էլ մեր կողմից ամեն ինչով կօգնենք, կաջակցնենք»,- մանրամասնեց Ռուբեն Ստեփանյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում