14:55  ,  24 հոկտեմբերի, 2016

Ջեյմի Ռեդնապ. Ինչո՞ւ է Մոուրինյոն ձեռք բերել Պոգբային ու Մխիթարյանին, եթե պատրաստվում է խաղալ հակաֆուտբոլ

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ, Daily Mail-ի վերլուծաբան Ջեյմի Ռեդնապը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդում» ստեղծված իրավիճակի մասին: Լոնդոնի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձյալ չէր հայտավորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վաղուց վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում:

«Ինչո՞ւ է Մոուրինյոն ձեռք բերել Պոլ Պոգբայի եւ Հենրիխ Մխիթարյանի պես կրեատիվ ֆուտբոլիստների, եթե պատրաստվում է խաղալ հակաֆուտբոլ: «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքվել են տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք պետք է արժանի դիմադրություն ցույց տան «Չելսիին», այլ ոչ թե խաղան ոչ ոքիի համար: Առաջին խաղակեսում Լինգարդն ու Ռեշֆորդը եւս օգնում էին պաշտպաններին: Մոուրինյոյի պաշտպանողական տակտիկան ֆուտբոլիստներին թույլ չի տալիս բացահայտել իրենց պոտենցիալը:

Ինչո՞ւ Մոուրինյոն չի օգտագործում Մխիթարյանի պես ֆուտբոլիստին եւ համառորեն խաղացնում է Ֆելաինիին: Հենրիխն իրո՞ք վնասվածք ունի, թե նա չի մտնում Մոուրինյոյի ծրագրերի մեջ: Ֆելաինիի պատճառով խամրում է նաեւ Պոգբայի խաղը: «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում, միանշանակ, հարցեր են առաջանում Մոուրինյոյի տակտիկայի վերաբերյալ: Ինձ թվում է, որ շուտով թիմում մթնոլորտը կարող է պայթունավտանգ դառնալ:

Շատերն ասում են, որ ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր Ժոզեի տակտիկային հարմարվելու համար, սակայն ես համաձայն չեմ: Այդ նա պետք է փոխվի, որպեսզի համապատասխանի ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբներից մեկի ավանդույթներին»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում