13:20  ,  21 հոկտեմբերի, 2016

Ռիո-2016. Հայ մարմնամարզիկների եւ ազատ ոճի ըմբիշների մասնակցության գնահատականները

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի են ունեցել երկու մարզաձեւերի՝ մարմնամարզության եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունների լսումները:

Առաջինն Օլիմպիական խաղերի մասնակցության հաշվետվությամբ հանդես է եկել մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը ներկայացրել է Ռիո-2016-ին մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանի եւ Արթուր Դավթյանի հետ նախաօլիմպիական քառամյա փուլում անցկացված նախապատրաստական աշխատանքները (ուսումնամարզական հավաքներ, միջազգային մրցաշարարի մասնակցություն):

«Շատ եմ ցավում, որ Հարությունը իր մրցելույթում չկատարեց վերջին տարրը, ինչն էլ պատճառ դարձավ նրա ձախողման: Մինչեւ այսօր չենք կարողանում հասկանալ դրա պատճառը: Երեւի, այն ավելի շատ հոգեբանական էր»,- ասել է Սերոբյանը:

Նա նաեւ գոհունակությամբ խոսել է մեր մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանի մասին, որը, թեեւ մրցանակային տեղ չի գրավել Օլիմպիական խաղերում, սակայն իր վարժությունում կիրառել է բացառիկ տարր, որն էլ կոչվել է նրա անունով:

«Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, քանի որ մարմնամարզության մեջ գրանցվել է նոր տարր՝ հայ մարզուհու անունով»,- նշել է գլխավոր մարզիչը:

Չնայած հայ մարմնամարզիկները ամառային Օլիմպիական խաղերում մեդալների չեն արժանացել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար տարիների ընդմիջումից հետո նրանք դուրս են եկել Խաղերի եզրափակիչ, հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը Հայաստանի մարմնամարզության հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատել է բավարար:

Հաջորդ հաշվետվությունը ներկայացրել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Նա ներկայացրել է բոլոր այն նախապատրաստական միջոցառումները, որոնք իրականացվել են նախաօլիմպիական փուլում:

«Արդյունքում ունեցանք 4 վարկանիշ 6 քաշային կարգերում: Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, սպասում էի գոնե մեկ մեդալի Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերից, սակայն, ցավոք, մեր տղաներից ոչ ոք մրցանակային տեղ չգրավեց»,- ասել է Բաղդադյանը եւ հավաքականի մասնակցությունն ամառային Օլիմպիական խաղերին գնահատել է անբավարար: Նա նաեւ խոսել է այն խնդիրների մասին, որոնք խանգարում են ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը եւ այս ոճում հանդես եկող մարզիկների հերթափոխի պատրաստմանը, հայտնում է նախարարության կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում