14:33  ,  20 հոկտեմբերի, 2016

Հայտնի գործակալը պատմել է, թե ով է Հենրիխ Մխիթարյանին ծանոթացրել Մինո Ռայոլայի հետ

Իտալացի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին «Культ Тура» հաղորդման եթերում պատմել է, որ Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գործակալ Մինո Ռայոլայի հետ ծանոթացել է իր քրոջ՝ Մոնիկայի միջոցով: Մոնիկա Մխիթարյանն աշխատում է ՈւԵՖԱ-ում:

«Մինո Ռայոլայի բախտը շատ է բերել Հենրիխի հարցում: Մխիթարյանի քույրը երկար տարիներ աշխատում է ՈւԵՖԱ-ում՝ Ժնեւում: Նա ինտերնետում կարդացել էր, որ կա մի համառ ու զվարճալի իտալացի գործակալ Մինո Ռայոլա անունով եւ ցանկացել էր ծանոթանալ նրա հետ:

Այդ ժամանակ ՈւԵՖԱ-ում կար մի մարդ, որի անունը Միշել Պլատինի է: Մոնիկան նրանից խնդրել էր Ռայոլայի հեռախոսահամարը: Պլատինին գտել էր գործակալի e-mail-ը: Դրանից հետո նա սկսեց անդադար հաղորդագրություններ ուղարկել Մինոյին՝ նշելով, որ Հենրիխ Մխիթարյանի քույրն է, եւ որ եղբայրը հանդես է գալիս Դոնեցկի «Շախտյորում», լավ ֆուտբոլիստ է, հայ է:

Ռայոլան ինքն ընդունում է, որ իրեն հետաքրքիր չէ Ռուսաստանը, առավել եւս՝ Ուկրաինան: Նա Բրազիլիայում ունի շատ գրագետ փաստաբան: Այդ կինը կարդացել է նամակները եւ հասկացել, որ ազգանունը ծանոթ է: Նայելով՝ թե ով է դա, նա Ռայոլային ասել է, որ դա շատ հետաքրքիր խաղացող է, որին արժե հետեւել: Եվ միայն հետո 10-րդ կամ 20-րդ հաղորդագրությանը նա պատասխանում է»,- ասել է Մարկո Տրաբուկին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» 27.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ այս ամռանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 42 միլիոն եվրո է վճարել 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում