20:33  ,  1 հոկտեմբերի, 2016

Սերժ Սարգսյանը եւ Զուրաբ Ազմայպարաշվիլին՝ «Երեւան օփեն-2016»-ի բացմանը

Ոչ մի տեղ շախմատն այսօրինակ, այս աստիճան զարգացում չի ունեցել, ինչպես Հայաստանում: Շախմատն այս երկրում ոչ միայն սպորտ է, այլեւ կրթություն, գիտություն, հոգեբանություն, մաթեմատիկա: Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում շախմատային գիտությունը զարգանա եւ աշխարհը տեսնի, որ այդ գիտությունը ծնունդ է առել հենց Հայաստանից:

Այս մասին Երեւանում մեկնարկող շախմատային միջազգային մրցաշարի բացման արարողության ժամանակ իր ողջույնի խոսքում ասել է Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Զուրաբ Ազմայպարաշվիլիի մասնակցությամբ հոկտեմբերի 1-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում բացվեց  «Երեւան օփեն-2016» շախմատային միջազգային բաց մրցաշարը, որը կավարտվի հոկտեմբերի 10-ին: Մրցաշարն անցկացվում է Հայաստանի եւ Երեւանի շախմատի ֆեդերացիաների նախաձեռնությամբ:

Մրցաշարին մասնակցում են 11 երկրի շուրջ 140 շախմատիստներ, որոնցից 30-ը գրոսմայստերներ են, 70-ը միջազգային վարպետներ:

«Երեւան օփեն-2016»-ը  բացված հայտարարեց Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Բացման արարողությունը ուղեկցվեց համերգային ծրագրով:

Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլիին նշեց, որ հպարտ է գտնվել աշխարհի շախմատային կենտրոնում եւ հաջողություն մաղթեց երեւանյան մրցաշարի մասնակիցներին:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այս հրաշալի միջոցառման բացմանը: Բայց այսօր առաջին բացման արարողությունը չէր, որ Հայաստանում մասնակցում եմ: Այսօր հրաշք Ծաղկաձորում ներկա գտնվեցի նաեւ «Շախմատը դպրոցում» միջազգային կոնֆերանսին:  Ծաղկաձորից Երեւան եմ վերադարձել մեծ տպավորություններով, նոր լիցքերով, շախմատը դպրոցներում զարգացնելու նոր մտահղացումներով: Հպարտ եմ,  որ միջազգային կոնֆերանսում նորից հնարավորություն ունեցա ծանոթանալու շախմատը զարգացնելու, դպրոցականների շրջանում մասսայականացնելու, երեխաներին կրթելու հայկական մեծ փորձին:

Մենք այժմ գտնվում ենք շախմատի քաղաքում, աշխարհի շախմատային կենտրոնում: Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե էլ ինչ նվաճոումներ են սպասվում հայ շախմատիստներին, քանի որ սա մի երկիր է, որը տվել է շախմատի աշխարհի չեմպիոն, եռակի օլիմպիական չեմպիոններ եւ էլի շատ ու շատ մրցանակիրներ:

Շախմատային լեգենդներ Հայաստանում եղել են, շախմատային գիտությունը զարգացնողներ ու առաջ տանողներ եղել են եւ կան, բայց այս ամենն իրականություն չէր դառնա առանց պետական աջակցության եւ նախագահի անմիջական աջակցության, ինչի համար անձամբ շնորհակալությունս եմ հայտնում պարոն Սերժ Սարգսյանին:

Ոչ մի տեղ շախմատն այսօրինակ, այս աստիճան զարգացում չի ունեցել, ինչպես Հայաստանում: Շախմատն այս երկրում ոչ միայն սպորտ է, այլեւ կրթություն, գիտություն, հոգեբանություն, մաթեմատիկա: Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում շախմատային գիտությունը զարգանա եւ աշխարհը տեսնի, որ այդ գիտությունը ծնունդ է առել հենց Հայաստանից»,- ասաց Եվրոպայի շախմատային միության նախագահը:

Երեւանում եւ Ծաղկաձորում անցկացվող շախմատային միջոցառումներին ներկա պետք է լիներ նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որին չի հաջողվել այս օրերին ժամանել Հայաստան:

«Երեւան օփեն-2016»-ի խաղերը կսկսվեն հոկտեմբերի 2-ից:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում