14:40  ,  1 հոկտեմբերի, 2016

Եվրոպայի շախմատի միության նախագահ. Հավատում եմ, որ շախմատով Հայաստանը կսկսի համաշխարհային կրթության նոր փուլ (ֆոտոշարք)

«Շախմատային կրթության տեսական եւ գործնական հիմնահարցերը դպրոցում» ծաղկաձորյան միջազգային կոնֆերանսի շրջանակում մեր փորձով կփորձենք միջազգային կրթական ոլորտին օրինակ լինել՝ շախմատը դպրոցներում որպես կրթական առարկա ներառելու համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Շախմատը դրոցում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում մեկնարկել է երկրորդ միջազգային կոնֆերանսը՝ «Շախմատային կրթության տեսական եւ գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով: Կոնֆերանսին մասնակցում են 20 երկրների ներկայացուցիչներ:

«Միջազգային այս կոնֆերանսին մասնակցում են 20 երկրների ներկայացուցիչներ, ովքեր դեռ չունեն շախմատը դպրոցներում որպես առարկա եւ ցանկանում են ընդգրկել՝ վերցնելով Հայաստանի օրինակը: Կոնֆերանսի շրջանակում մեր հյուրերին սոցիոլոգների, հոգեբաններին, մասնագետների, մեթոդիստների եւ դասավանդողների միջոցով կներկայացվի շախմատի դերը դպրոցում եւ այն, թե ինչ է տալիս շախմատի ուսուցումը դպրոցականին»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Կոնֆերանսին մասնակցեցին Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, տարբեր երկրների համալսարանների ռեկտորներ եւ ներկայացուցիչներ:

«Այս դարում տեղեկատվության հոսքը մեր կյանք շատ մեծ է, որովհետեւ աշխարհում կան շատ խնդիրներ: Եվ լուծում, ճիշտ ճանապարհներ մարդիկ չեն գտնում: Գուցե շատերի մոտ հարց առաջանա, թե որքանով կապ ունի շախմատը մեր կյանքի, ներքաղաքական, երկների ու աշխարհում տիրող խնդիրների լուծման հետ: Շախմատիստները հետաքրքիր ունակություններով տեր մարդիկ են, ովքեր կարողանում են ճիշտ գնահատել իրենց հետագա քայլերը: Շախմատը ոչ միայն մարզաձեւ է, այլեւ գիտություն, կյանքի գիտություն: Ես անչափ ուրախ եմ, որ աշխարհի հնագույն երկրներից մեկում ծնունդ առավ շախմատը դպրոցներում դասավանդելու գաղափարը եւ այսօր այդ ծրագիրը հրաշալի օրինակ է տարբեր երկրների համար: Ասում են շախմատը գիտության, սպորտի եւ արվեստի սինթեզն է: Ինքս համարում եմ, որ Հայաստանը նոր քաղաքակրթությունների սկիզբն է եւ հավատում եմ, որ շախմատով Հայաստանը կսկսի համաշխարհային կրթության մի նոր փուլ»,- ասաց Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English