22:02  ,  30 սեպտեմբերի, 2016

Հայաստանի առաջնությունն անցկացվում է թենիսիստների ծնողների վարձակալած կորտերում. Ֆեդերացիան տեղյակ չէ

Հայաստանի առաջնության համար կորտերի վարձակալություն չկա ու չի լինելու: Ֆեդերացիան տեղյակ չէ, թե ինչ վարձակալության համար են գումար հավաքել ծնողները: Դա ծնողների որոշումն է, որի հետ ֆեդերացիան կապ չունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը:

Երեւանի թենիսի «Արարատ» ակումբում սեպտեմբերի 29-ից մեկնարկել է թենիսի Հայաստանի առաջնությունը բոլոր տարիքային խմբերում:

Անցած տարի Հայաստանի առաջնությունն անցկացվեց Գյումրիում: Այս տարի եւս ֆեդերացիայի կողմից առաջարկվել է առաջնությունն անցկացնել Գյումրի քաղաքի կորտերում, սակայն մի խումբ ծնողներ բողոքել են, որ ֆիզիկապես եւ ֆինանսապես հնարավորություն չունեն գնալ Գյումրի եւ այնտեղ մնալ առաջնության երկու շաբաթների ընթացքում:

Ծնողների հրաժարվելուց հետո Հայաստանի թենիսի ֆեդերացիան չի առաջարկել առաջնությունն անցկացնել Երեւանի «Ին-կորտ» մարզահամալիրում, որը պատկանում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանին:

Թենիսիստների ծնողները անձնական միջոցներով (անձը` 14 հազար դրամ) Հայաստանի առաջնությունն անցկացվելու համար վարձակալել են Երեւանի «Արարատ» ակումբի կորտերը՝ վճարելով 500 հազար դրամ: Սակայն գումարը հավաքել են այն ծնողներն, որոնք վճարելու հնարավորոթյուն են ունեցել: Մյուսներին չի պարտադրվել:

Իսկ թե ինչու է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը հրաժարվել իր սեփական կորտերը տրամադրել առաջնության համար, ֆեդերացիան չի պատասխանում՝ նշելով, որ ՀԹՖ-ն որեւէ առնչություն չունի ծնողների ինքնակամ որոշման հետ, քանի որ ֆեդերացիան տրամադրում է անվճար կորտ՝ Գյումրու կորտերը:

Այս թեմայով NEWS.am Sport-ի թղթակիցը փորձեց զրուցել ՀԹՖ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի հետ: Նա հանձնարարեց հարցերին պատասխանել թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանին.

«Այս տարի առաջնությունը որոշվեց անցկացնել «Արարատ» ակումբում, քանի որ ֆեդերացիան ցանկանում է բոլոր ակումբների հետ սերտ համագործակցություն ստեղծել: Ֆեդերացիայի նպատակն է, այսկերպ հնարավորություն տալ բոլոր գործող ակումբներին հյուրընկալել եւ անցկացնել  Հայաստանի առաջնությունը: Բավական երկար ժամանակ Հայաստանի առաջնությունն անցկացրել ենք «Ին-կորտում», անցյալ տարի մեզ մեծ սիրով հյուրընկալեց Գյումրին: Այս տարի ֆեդերացիան այդ հնարավորությունը տվել է «Արարատին»: Եթե բարվոք վիճակում այլ կորտեր ունենանք, կանցկացնենք այլ կորտերում: Մենք միայն ուրախ կլինենք, որ Հայաստանի բոլոր ակումբները հնարավորություն ունենան ընդունել եւ անցկացնել Հայաստանի առաջնությունները: Այնպես չէ, որ ֆեդերացիայի նախագահը Հարություն Փամբուկյանի կորտերում պետք է միշտ անցկացնենք առաջնությունը:

Այլ կորտերում էլ վարձակալություն չկա: Հայաստանի սպորտի նախարարությունն ասել է, որ ֆեդերացիան դիմի Հայաստանի գործող ակումբներին եւ այն ակումբը, որը հնարավորություն կտա իր կորտերում անցկացնել առաջնությունը, այնտեղ էլ անենք: Մեզ անձամբ սպորտի նախարարը մեկ անգամ հարցրեց, թե ինչու ենք ամեն անգամ «Ին-կորտում» անցկացնում Հայաստանի առաջնությունը: Բայց Հայաստանի առաջնության համար կորտերի վարձակալություն չկա ու չի լինելու»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով