18:52  ,  30 սեպտեմբերի, 2016

Սամվել Գեւորգյան. Եթե մրցավարները որոշել են իրենց սեւ գործն անել, ոչ մի օրենք նրանց չի խանգարի

Ինչ նոր կանոններ էլ գործեն հունահռոմեական ըմբշամարտում, միեւնույն է՝ եթե մրցավարները որոշել են իրենց սեւ գործն անել, ոչ մի օրենք նրանց չի խանգարի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Հայաստանում օլիմպիական չեմպիոն հռչակված Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է ընդունել հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոններում փոփոխություն կատարելու մասին: Պասիվության համար այլեւս գոտեմարտը չի ընդհատվի եւ ըմբիշը չի նստեցվի պարտեր դիրք:

Պարոն Գեւորգյան, հունահռոմեական ըմբշամարտում պարբերաբար կանոնների փոփոխություններ են լինում: Անմիջապես Ռիո-2016-ից հետո միջազգային ֆեդերացիան հերթական փոփոխությամբ հանդես եկավ՝ պարտեր դիրքը հանելու մասին: Ի՞նչ կտա այս որոշումը ըմբշիներին եւ ըմբշամարտին:

Նպատակը ըմբշամարտն ավելի դիտարժան դարձնելն է: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պարտեր դրությունը հանում է, որպեսզի ըմբիշները կանգնած դրությունում ավելի շատ աշխատեն եւ փորձեն միավորներ վաստակել: Այսպես մարզիկներն այլեւս պարտեր դրության վրա հույս չեն դնի: Մինչ այս որոշումը մարզիկները ակտիվություն էին ցուցաբերում կանգնած դրությունում, որպեսզի պարտեր դիրքից հնարքներն անեն եւ միավորներ վաստակեն: Իսկ հիմա միջազգային ֆեդերացիայի գաղափարն այն է, որ կանգնած դրությունից ըմբիշները փորձեն հնարքներ անել: Այսկերպ ըմբշամարտը զարգացնում են կանգնած դրությունից, որն ավելի դիտարժան, գեղեցիկ ու հետաքրքիր կդարձնի մարզաձեւը:

Բայց արդյո՞ք կանգնած դիրքից հնարք կատարելն ավելի դիտարժան կդարձնի ըմբշամարտը:

Կանգնած դիրքից հնարքն անելն ավելի գեղեցիկ կդարձնի ըմբշամարտը: Այս դիրքից կմեծանա հնարք կատարելու բարդությունը: Նախկինում կանգնած դիրքում մարզիկները միայն տեմպ էին տալիս եւ ակտիվություն ցուցաբերում եւ բարդ հնարքները թողնում էին պարտեր դրության ժամանակ: Այսպես արդեն մարզիկները ստիպված են զարգացնել հնարքներ կատարելու իրենց ունակությունները կանգնած դիրքից: Ես նույնպես կարծում եմ, որ այսկերպ գոտեմարտերն ավելի հետաքրքիր ու դիտարժան կլինեն:

Իսկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կաննոների փոփոխությունը ի՞նչ ազդեցություն կունենա հայ մարզիկների վրա: Հայտնի է, որ մեր ըմբիշներից շատերն իրենց գերազանց են զգում մասնավորապես պարտեր դրությունում:

Անհամեստություն թող չթվա, բայց մեր տղաները համ կանգնած դրությունում եմ գերազանց, համ պարտեր դրությունում: Ճիշտ է, դեռ շատ ուղղելու տեղեր ունենք, բայց կանգնած դրությունում էլ մերոնք շատ լավ հնարքներ են կատարում: Նախկինում որքան էլ պարտեր դիրքը կար, միեւնույն է, մշտապես աշխատել են կանգնած դիրքում հնարքներ կատարելու վրա, որպեսզի ամեն ինչ էլ կարողանան անել եւ պատրաստ լինեն միավորներ վաստակելու ցանկացած դիրքում: Մենք՝ մարզիչներս էլ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ըմբիշները կանգնած դիրքից էլ, պարտերից էլ լավ ու գեղեցիկ հնարքներ կատարեն: Մեր տղաները նեղվելու տեղ չունեն եւ նրանց համար այս փոփոխությունը խնդիր չի լինի:

Ըմբիշների շրջանում կանոնների այս փոփոխությունը բողոքի ալիք չի՞ բարձրացնի:

Չեմ կարծում պարտեր դիրքը հանելը բողոքի ալիք բարձրացնի կամ քննադատվի ֆեդերացիաների, մարզիչների ու մարզիկների կողմից: Այն մարզիկները, որոնք թույլ են կանգնած դիրքում եւ հնարք չեն կարողանում անել, այլ իրենց ավելի լավ են զգում չորեքթաթ դիրքում, գուցե քննադատեն այս որոշումը, բայց սա միայն ըմբշամարտն ավելի գեղեցկացնելու միտում ունի, եւ այստեղ որեւէ վատ կամ բասացական երանգ փնտրելու կարիք չկա:

Եթե նույն օրենքը գործեր Ռիո-2016-ում, այն կօգնե՞ր Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտում գորգի մրցավարի անարդար մրցավարության կանխմանը:

Ընթացքը նույնն էր լինելու: Մրցավարությունը նույնն էր լինելու: Միհրանն ինքը միավոր վերցրեց, իսկ մրցավարները երկու անգամ նկատողություն տվեցին եւ նստեցրին պարտեր: Բայց այս օրենքի փոփոխությունն այնքանով մեզ չէր կարող օգնել անարդար մրցավարությունը կանխելուն, քանի որ պարտեր դիրքում սերբ ըմբիշը ոչինչ չկարողացավ անել, չնայած որ միավորը տվեցին: Գուցե Միհրանին պարտեր չնստեցնեին եւ շարունակեին գոտեմարտը կանգնած դրությունից եւ գուցե Միհրանն օգտագործեր այդ 30 վայրկյանը եւ միավոր վերցներ:  Եթե մրցավարները որոշել էին իրենց սեւ գործն անել, միեւնույն է՝ կանեին, ինչ օրենքով էլ գոտեմարտերն անցկացնեին: Հիմա էլ նույնն է շարունակվելու: Եթե մրցավարները որոշեն անարդար դատել, ինչ օրենքներ էլ լինեն, նրանք անելու են դա: Մենք պետք է իրենցից ուժեղ լինենք, որ թույլ չտանք ոչ մի անարդարություն: Դժվար է լինելու, բայց ամեն ինչ պետք է անենք, որ այլեւս նման անարդարությունների չհանդիպենք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով