11:37  ,  29 սեպտեմբերի, 2016

Էդգարդո Բաուսա. Շարունակելու եմ ասել ճշմարտությունը Մեսիի մասին, ինչու պետք է լռեմ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հայտարարել է, որ ասելու է այն ամենը, ինչ մտածում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վերաբերյալ: Արգենտինացի մասնագետը դարձյալ ընդգծել է, որ չի ցանկանում «պատերազմել» կատալոնական ակումբի հետ: Ավելի վաղ նա նշել էր, որ «Բարսելոնայում» ինչպես հարկն է հոգ չեն տանում Արգենտինայի հավաքականի ավագի առողջության նկատմամբ:

«Այո, խոսքերս լուրջ քննարկումների առիթ դարձան: Սակայն ես շարունակելու եմ ասել ճշմարտությունը Մեսիի մասին եւ այն ամենը, ինչ մտածում եմ: Անկախ նրանից, որ դա փորձում են սադրել: Չեմ ցանկանում «պատերազմել» «Բարսելոնայի» հետ: Փաստացի, ես չեմ իրականության տերը եւ միայն հայտնում եմ իմ կարծիքը, ինչպես շատ մարդիկ: Ինչո՞ւ պետք է լռեմ: Ես խնդիրներ չունեմ, որ Մեսիի վնասվածքը քննարկեմ Լուիս Էնրիկեի հետ: Ոչ ոք ինձանից լավ չգիտի այդ վնասվածքի մասին: Ինքս 4 տարի տառապել եմ այդ վնասվածքով եւ թիմակիցներիս խնդրում էի օգնել ինձ աստիճաններով բարձրանալիս»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Բաուսայի հայտարարությունը դուր չէր եկել «Բարսելոնային», ինչից հետո Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն էր խնդրել: Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Մեսին Արգենտինայի հավաքականին չի օգնելու Պերուի (հոկտեմբերի 6-ին) եւ Պարագվայի (հոկտեմբերի 11-ին) դեմ ԱԱ-2018-ի ընտրական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս