19:49  ,  28 սեպտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Իսկապես, ուրախ եմ սկսել մարզումներս թիմի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անգլիական թիմի ընդհանուր խմբի հետ մարզումները վերսկսելը:

«Իսկապես, ուրախ եմ սկսել մարզումներս թիմի հետ: Լիարժեք մարզավիճակի հասնելու ճանապարհին եմ: Հույս ունեմ, որ շատ արագ կհասնեմ լավագույն մարզավիճակի»,- գրել է Մխիթարյանը սոցցանցերում:

Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիսում անդրադարձել էր հայ ֆուտբոլիստի վերադարձին:

«Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի հետ այսօրվա առավոտյան մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել վնասվածքից հետո»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Զարյա» խաղը կկայանա սեպտեմբերի 29-ին ու կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: Եվրոպայի լիգայի առաջին տուրում անգլիական ակումբն առանց Հենրիխ Մխիթարյանի Հոլանդիայում պարտվել էր «Ֆեյենորդին»։ Հայ կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում