17:44  ,  28 սեպտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը չի խաղա

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպմանը: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիսում:

«Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի հետ այսօրվա առավոտյան մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Զարյա» խաղը կկայանա սեպտեմբերի 29-ին ու կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: Եվրոպայի լիգայի առաջին տուրում անգլիական ակումբն առանց Հենրիխ Մխիթարյանի Հոլանդիայում պարտվել էր «Ֆեյենորդին»։ Հայ կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում