00:03  ,  28 սեպտեմբերի, 2016

Անգլիայի հավաքականի մարզիչը կոռուպցիոն մտադրությունների համար հեռացվեց պաշտոնից

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսի պաշտոնանկությունը:

«Էլարդայսն իրեն թույլ է տվել Անգլիայի հավաքականի մարզիչի համար անթույլատրելի վարք: Նա ընդունել է սխալը եւ ներողություն խնդրել: Սակայն արարքի լուրջ բնույթը ստիպել է Ֆուտբոլային ասոցիացիային եւ Էլարդայսին փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը:

Մալթայի, Սլովենիայի, Շոտլանդիայի եւ Իսպանիայի հետ առաջիկա հանդիպումներում գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի Գարեթ Սաութգեյթը»,- ասվում է Ասոցիացիայի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 61-ամյա մասնագետը սեպտեմբերի 27-ին հանդիպել էր Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) ղեկավարների հետ եւ ներկայացրել իր վարկածը։

The Telegraph-ի հրապարակումից հետո FA-ն հետաքննություն էր սկսել Սեմ Էլարդայսի նկատմամբ: FA-ն լրատվամիջոցին խնդրել էր ներկայացնել բոլոր ապացույցները:

The Telegraph-ը նշում էր, որ մինչեւ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելը Սեմ Էլարդայսը հանդիպել է Հեռավոր Արեւելքի «գործարարների» հետ, որոնք ցանկացել էին խարդախության միջոցով գումար վաստակել Անգլիայում տրանսֆերային գործարքներից: Խոսքը եղել է 400 հազար ֆունտ ստերլինգի մասին: 61-ամյա մասնագետը համաձայնել է որպես ներկայացուցիչ մեկնել Սինգապուր եւ Հոնկոնգ եւ բացատրել՝ ինչպես կարելի է շրջանցել FA-ի կանոնակարգը, որն արգելում է երրորդ կողմին իրավունքներ ունենալ խաղացողի տրանսֆերի գործարքում: The Telegraph-ը 10 ամիս անցկացրել է լրագրողական հետաքննություն: Որպես գործարար ներկայացած լրագրողների բանակցությունները տեսագրվել են:

Էլարդայսը հուլիսին էր փոխարինել Ռոյ Հոջսոնին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է մեկ պաշտոնական հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում 1:0 հաշվով հաղթելով Սլովակիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում