15:24  ,  25 սեպտեմբերի, 2016

Արշակ Պետրոսյան. Հոգեբանությունն է խանգարում Արոնյանին հաղթել հավակնորդների մրցաշարում

Շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կարծիքով, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին հոգեբանությունը թույլ չի տալիս նվաճել աշխարհի չեմպիոնական մրցամարտի մասնակցելու իրավունք:

«Հոգեբանությունն է խանգարում, ուրիշ ոչինչ չկա: Նա լավ է մեկնարկում հավակնորդների մրցաշարերում: Այս անգամ էլ առաջին շրջանից հետո առաջին տեղում էր, +2, կիսում էր առաջին-երկրորդ տեղերը: Մեկնարկում ոչ մի խնդիր չուներ: Սակայն հավասար կամ մի փոքր վատ դիրքը տանուլ տվեց Անանդին: Պետք է չպարտվեր: Չօգտագործեց իր հնարավորությունները Կարյակինի հետ պարտիայում:

Արոնյանը արագ որոշումներ  ընդունող շախմատիստ է, անհավանական տաղանդ է: Նա բազմաթիվ մրցաշարերում է հաղթել: Բայց ի՞նչ է նշանակում դառնալ աշխարհի չեմպիոն: Պետ է հաղթել անհրաժեշտ ժամանակին, անհրաժեշտ մրցաշարում: Դուք կարող եք հարյուր մրցաշարերում հաղթել, բայց ձեզ անհրաժեշտ է հաղթել հենց հավակնորդների մրցաշարում: Դա ամենաբարդն է:

Առաջին տուրերում դու չես մտածում այդ մասին, բայց երբ մինչեւ որոշակի պահը ամեն ինչ ստացվում է, դու սկսում ես հասկանալ, որ նպատակը մոտ է: Շատ դժվար է պահպանել հանգստությունը, եւ շախմատիստն ինքը պետք է իր համար գտնի միջոց:

Արոնյանը բավական ուժեղ բնավորությամբ շախմատիստ է, բայց հավանաբար չի հերիքում հենց այդ կոշտությունը, պողպատությունը հենց այս պահին: Բայց ես կարծում եմ, որ նա դեռ շանս ունի: Մոսկվայում եւ Լոնդոնում շատ մոտ էր նպատակին:

Հայաստանում այժմ ունենք հեռանկարային շախմատիստներ, բայց դեռ չեն հասնում հավաքականի կորիզի մակարդակին: Աշխարհի եւ Եվրոպայի թիմային առաջնություններում շատ լավ էր խաղում Հրանտ Մելքումյանը: Նոր Արոնյան դեռ չունենք: Բայց հույս ունենք: Մշտապես հետեւում եմ բոլոր հեռանկարային հայ շախմատիստների պարտիաներին»,- Արշակ Պետրոսյանի խոսքը մեջբերում է chesspro.ru-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ աշխարհի թագի համար դիմակայությունում հանդես կգա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով