00:35  ,  25 սեպտեմբերի, 2016

«Լաս Պալմասն» անակնկալի բերեց «Ռեալին»

Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:2 հաշվով ավարտեց առաջնությունը հաջող սկսած «Լաս Պալմասի» դեմ արտագնա խաղը:

Դաշտի տերերը հենց մեկնարկից լուրջ դիմադրություն էին ցուցադրում մրցակցին: Հաշիվը 33-րդ րոպեին բացեց «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, սակայն 5 րոպե անց «Լաս Պալմասը» խփեց պատասխան գոլը, եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն անցնում էր հավասար պայքարում, թեեւ Արքայական ակումբն ավելի շատ էր գրոհում եւ կարողացավ դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ: 67-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Քարիմ Բենզեման, որն իրական գոլային պահ չէր օգտագործել րոպեներ առաջ: Գոլից հետո «Ռեալը» նվազեցրեց ճնշումը եւ պատժվեց վերջնամասում: 85-րդ րոպեին «Լաս Պալմասը» խփեց երկրորդ գոլը եւ կարողացավ մինչեւ վերջ դիմանալ մադրիդցիների ճնշմանը: Վերջնամասում հյուրերն անդադար գրոհում էին եւ ունեցան մի քանի գոլային պահ:

Զինեդին Զիդանի թիմը խաղաց երկրորդ անընդմեջ ոչ ոքին եւ 14 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»: «Լաս Պալմասը» 10 միավորով 5-րդն է:

Բիլբաոյի «Աթլետիկը» տանը 3:1 հաշվով հաղթեց «Սեւիլիային» եւ 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լաս Պալմաս» - «Ռեալ»՝ 2:2

Դոմինգես Տանաուսուս, 38, Սերխիո Արաուխո, 85 – Մարկո Ասենսիո, 33, Քարիմ Բենզեմա, 67

«Աթլետիկ» - «Սեւիլիա»՝ 3:1

Միկել Սան Խոսե, 26, Միկել Բալենզիագա, 66, Արիս Ադուրից, 90 (11մ) – Սամիր Նասրի, 50

Հեռացում՝ Սալվատորե Սիրիգու, 89 («Սեւիլիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով