22:15  ,  24 սեպտեմբերի, 2016

Թայսոն Ֆյուրին դեպրեսիայի պատճառով հրաժարվել է Կլիչկոյի հետ ռեւանշ մենամարտից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն զրկվել է Թայսոն Ֆյուրիի հետ ռեւանշ մենամարտից, գրում է Daily Mail-ը:

Ուկրաինացի 40-ամյա բռնցքամարտիկը WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆյուրիի հետ պետք է հանդիպեր հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում, սակայն բրիտանացին հրաժարվել է մենամարտից: Թայսոն Ֆյուրին նման որոշում է կայացրել դեպրեսիայի կրկնության պատճառով: Նա նախկինում եւս այդպիսի խնդրի առաջ կանգնել է տարբեր պատճառներով, այդ թվում՝ անձնական խնդիրների ու մոտիվացիայի պատճառի:

Հիշեցնենք, որ Ֆյուրիի եւ Կլիչկոյի ռեւանշ մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին Մանչեսթերում, սակայն բրիատանացու վնասվածքի պատճառով այն հետաձգվել էր մինչեւ հոկտեմբեր: Ֆյուրին ուկրաինացուն հաղթել էր նախորդ տարվա նոյեմբերին Դյուսելդորֆում: Մինչեւ այդ Վլադիմիր Կլիչկոն չէր պարտվել 11 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում