23:14  ,  23 սեպտեմբերի, 2016

Դավիթ Խիթարյան. Հովհաննես Դավթյանն առայժմ չի ավարտի մարզական կարիերան

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանն առայժմ չի ավարտի մարզական կարիերան եւ հաջորդ տարի կշարունակի մասնակցել մրցաշարերի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Հայաստանի առաջատար ձյուդոիստի համար Ռիո-2016-ը երրորդ օլիմպիական փորձն էր՝ Պեկին-2008-ի եւ Լոնդոն-2012-ից հետո: Սակայն նախորդ երկու Խաղերի նման երրորդում էլ Հովհաննես Դավթյանը մեդալ չնվաճեց: Մարզիկի պարտությունն այդպես էլ չմեկնաբանվեց, թեեւ նախքան Օլիմպիական խաղեր մեկնելը մարզիկն ու մարզիչները նշում էին, որ հավակնում են օլիմպիական մեդալի:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դավիթը Խիթարյանը մեկնաբանեց հայ ձյուդոիստի երրորդ օլիմպիական փորձի ձախողման պատճառները եւ մարզական կարիերան շարունակելու որոշումը:

Հովհաննես Դավթյանին չհաջողվեց Ռիո-2016-ում մեդալ նվաճել: Ի՞նչն էր պարտության պատճառը: Ինչո՞ւ ձախողվեց Հովհաննես Դավթյանն իր երրորդ Օլիմպիական խաղերում:

Ռիոյում Հովհաննես Դավթյանը պարտվել է պայքարի մեջ: Առաջին գոտեմարտում 27 վայրկյանում մաքուր հաղթանակ տարավ: Երկրորդ գոտեմարտում հանդիպեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովի հետ, ով փաստորեն ապագա օլիմպիական չեմպիոնն էր: Մուդրանովի անցկացրած 5 գոտեմարտերից ամենածանրը եղել է Հովհաննես Դավթյանի հետ, որովհետեւ ամենաչնչին միավորներով է մեր մարզիկը պարտվել չեմպիոնին: Դավթյանին օլիմպիական չեմպիոնը հաղթեց յուկոյով, իսկ մնացած իր մրցակիցներին մաքուր հաղթանակներով: Սա արդեն նշանակում է, որ Օլիմպիական խաղերին Հովհաննես Դավթյանը պատրաստ էր մեկնել եւ մեկնել էր մեդալի համար: Ուղղակի սպորտ է, ցանկալի կլիներ, որ մեր ձյուդոիստը հաղթեր, բայց ստացվել է այն, ինչ ստացվել է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիո մեկնելուց առաջ մարզիկը նշել էր, որ գտնվում է մարզավիճակի գագաթնակետում, սակայն հենց երկրորդ գոտեմարտում պարտվեց այն մարզիկին, ում նախկինում երկու անգամ հաղթել էր, երեք անգամ պարտվել: Ի՞նչը չբավարարեց Հովհաննես Դավթյանին:

Հովհաննես Դավթյանի նախաօլիմպիական մարզումային փուլի ծրագիրն ամբողջությամբ կատարվել էր: Մեր մարզչական շտաբի եւ իր անձնական մարզիչի կողմից հիմնական շեշտը դրվել է միջազգային ուսումնամարզական հավաքների վրա: Այդ շեշտադրությունը եղել է օբյեկտիվ, քանի որ Դավթյանն այստեղ չունի ուժեղ մրցակիցներ, մրցակցությունը մեզ մոտ թույլ է: Նրան անհրաշետ էին ուժեղ մրցակիցներ մարզումների ժամանակ, որպեսզի լավագույնս նախապատրաստվի: Եվ այդ ամբողջ նախապատրաստական շրջանը մենք կարողացել ենք ապահովել, նույնիսկ հարց բարձրացնելով, որ ուսումնամարզական հավաք ունենա նաեւ Տոկիոյում, քանի որ Հովհաննես Դավթյանի հիմնական մրցակիցները համարվում էին ճապոնացիներն ու կորեացիները: Բայց ստացվեց, որ Մուդրանովը հաղթեց, թեեւ ֆավորիտների մեջ չկար: Նա էլ է բարձր կարգի մարզիկ՝ աշխարհի, Եվրոպայի մրցանակակիր: Ի դեպ՝ Դավթյանի հետ 5 անգամ Ռիոյից առաջ հանդիպել էին՝ երեք անգամ ներկայիս չեմպիոնն էր հաղթել, երկու անգամ Դավթյանը: Սա նշանակում է՝ Ռիոյի մրցահարթակում Հովհաննես Դավթյանի երկրորդ գոտեմարտում մրցակիցների՝ մեր մարզիկի եւ ներկայիս օլիմպիական չեմպիոնի միջեւ մակարդակների տարբերություն չկար, այնպես չէր, որ Մունդրանովը շատ բարձր կարգի մարզիկ էր եւ այդ պատճառով մենք պարտվեցինք:

Ոչ մի բացթողում չենք ունեցել: Ձյուդոն ծանր մարզաձեւ է, փոքր վնասվածքներ է ունեցել, ապաքինվել է, բուժում է ստացել: Բացի այդ Հովհաննես Դավթյանը 33 տարեկան է, դա էլ քիչ գործոն չէ: Եթե մենք օբյեկտիվ գնահատենք, նա մեդալի հավակնորդ էր, բայց իր քաշային կարգում Օլիմպիական խաղերում Հովհաննեսը ֆավորիտ չէր, որովհետեւ աշխարհի առաջնությունից մեդալ չէր բերել, Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղում էր: Իր անցած ճաապարհում ունեցել էր եւ հաջողություններ եւ անհաջողություններ: Նա մեդալի թեկնածու էր, բայց միանշանակ ասել, որ նա պետք է բերեր, հնարավոր չէր ասել: Մեր մարզաձեւում մրցակցությունը շատ բարձր է եւ անկանխատեսելի:

Ի՞նչ է սպասվում առաջիկայում, շարունակվելո՞ւ է Հովհաննես Դավթյանի մարզական կարիերան, թե՞ Ռիոյով կավարտվի:

Քննարկում է լինելու, հանդիպում ֆեդերացիայի մարզչական շտաբի, նախագահի եւ մարզիկի հետ, որից հետո կորոշվի: Չենք շտապում կտրուկ հայտարարություններ անել: Բնական է, որ տարիքային առումով Հովհաննես Դավթյանի համար դժվար է լինելու Տոկիո-2020-ի համար պայքարելը, նախապատրաստելը, բայց չեմ էլ կարծում, որ այսպես միանգամից նա կթողնի սպորտը: Ըստ իմ տեղեկությունների՝ Հովհաննեսը դեռ կշարունակի մասնակցել մրցաշարերի: Հնարավոր է նրա քաշային կարգը փոխենք եւ փորձենք նոր քաշում հաջողություններ ունենալ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով