23:10  ,  31 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր հաշվով, Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին վերջին ընկերական խաղն անցկացրեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարից առաջ՝ մրցելով Եվրո-2016-ին մասնակցած Չեխիայի հավաքականի հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 34-րդ տեղը զբաղեցնող չեխերն առավելության հասան 3:0 հաշվով, թեեւ կարող էին հաղթել ավելի խոշոր: Հայաստանի հավաքականի խաղը հուսադրող չէր ԱԱ-2018-ի ընտրական փուլի նախաշեմին:

Չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսը շատ անհաջող ստացվեց հայկական թիմի համար: Չեխերը, չցուցադրելով հզոր խաղ, խփեցին 2 անպատասխան գոլ, իսկ Հայաստանի հավաքականը զրկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որը 38-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով:

Տանտերերին հաջողվեց խփել արագ գոլ: Չորրորդ րոպեին աչքի ընկավ իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին, որն օգտվեց Հայաստանի թիմի պաշտպանության եւ հենակետային գոտու վրիպումից: 10-րդ րոպեին թիմերը փոխանակեցին մեկական վտանգավոր պահ: Չեխերի հարվածն իրենց վրա վերցրին Հայաստանի հավաքականի պաշտպանները, իսկ քիչ անց Գեւորգ Ղազարյանի հարվածը շեղ ստացվեց վտանգավոր դիրքից: Հայաստանի հավաքականի կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում էր Մարկոս Պիզելին, որը երբեմն նահանջում էր: Չեխերն ավելի լավ տեսք ունեին, թեեւ հյուրերը եւս երբեմն անցկացնում էին ոչ այնքան վտանգավոր գրոհներ: 28-րդ րոպեին Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին կոպիտ սահանկումով վայր գցեց Հենրիխ Մխիթարյանին եւ ստացավ դեղին քարտ: Մխիթարյանը, բուժօգնություն ստանալով, վերադարձավ խաղադաշտ, սակայն քիչ անց ստիպված էր լքել այն: 34-րդ րոպեին դանիական «Միտյուլանդի» հարձակվող Վացլավ Կադլեցը խփեց չեխերի երկրորդ գոլը, իսկ 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Արտակ Եդիգարյանը: Այդ գոլից րոպեներ անց չեխերը ստեղծեցին եւս մի քանի վտանգավոր պահեր, բայց թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը փոխեց ամբողջ կազմը, իսկ Վարուժան Սուքիասյանը կատարեց 3 փոխարինում: Երկրորդ խաղակեսում չեխերի առավելությունը հսկայական էր: 

Հայաստանի թիմը հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին, իսկ չեխերը հաճախ ստեղծում էին վտանգավոր պահեր: Ընդմիջումից հետո հիշվեց Արաս Օզբիլիսի իրացրած տուգանային հարվածը, որից հետո դաշտի տերերի դարպասապահը հետ մղեց գնդակը: Չեխիայի հավաքականն ուներ նկատելի տարածքային առավելություն, որն աստիճանաբար մեծացնում էր: Արսեն Բեգլարյանի դարպասի մոտ գոլային պահերի պակաս չէր զգացվում: Հայաստանի հավաքականը դժվարությամբ էր դուրս գալիս սեփական կիսապաշտից, չէր կարողանում կազմակերպել գրոհներ եւ ընդհանրապես չէր երեւում, թե ինչի հաշվին կարող է գոլ խփել: Խաղի վերջնամասը եւս անցավ տանտերերի առավելությամբ ու նրանց գրոհների նորքո: 86-րդ րոպեին Պլզենի «Վիկտորիայի» կիսապաշտպան Յան Կոպիցը հաշիվը դարձրեց 3:0՝ վերջակետ դնելով խաղին: 

Հիշեցնենք, որ այս խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա դանիացիների դեմ ընտրական հանդիպումը:

Ընկերական խաղ, Մլադա Բոլեսլավ

Չեխիա – Հայաստան՝ 3:0

Լադիսլավ Կրեյչի, 4, Վացլավ Կադլեց, 34, Յան Կոպից , 86

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան (Արթուր Սարկոսով, 46), Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան (Տարոն Ոսկանյան, 70), Գոռ Մալաքյան (Դավիթ Հակոբյան, 76), Հենրիխ Մխիթարյան (Արտակ Եդիգարյան, 38), Գեղամ Կադիմյան (Արաս Օզբիլիս, 46), Գեւորգ Ղազարյան (Դավիթ Մանոյան, 46)Մարկոս Պիզելի (Ռուսլան Կորյան, 61):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով