11:41  ,  31 օգոստոսի, 2016

Չեխիա - Հայաստան. Երրորդ անընդմեջ հաղթանակի սպասումով (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին վերջին ընկերական խաղը կանցկացնի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարից առաջ՝ չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում մրցելով Եվրո-2016-ին մասնակցած Չեխիայի հավաքականը: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում չեխերը 34-րդն են, իսկ Հայաստանը 102-րդ տեղում է

Պատմություն

Մինչեւ այս Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները հանդիպել են 4 անգամ: 3 հաղթանակ տարել են չեխերը, մեկ անգամ հաջողությունն ուղեկցել է հայկական թիմին: Առաջին 2 դիմակայությունները կայացել են աշխարհի 2006թ. առաջնության ընտրական փուլում, որում Չեխիայի հավաքականը տարել է 2 հաղթանակ (3:0, 4:1): Հաջորդ 2 հանդիպումներն ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարում էր, որում չեխերը Երեւանում խփեցին 3 անպատասխան գոլ, իսկ Պրահայում Հայաստանի հավաքականը ռեւանշի հասավ 2:1 հաշվով: Հաղթական գոլը վերջին վայրկյաններին խփեց Գեւորգ Ղազարյանը, իսկ հաշիվն անկրկնելի հարվածով բացել էր Կառլեն Մկրտչյանը:

Կադրային խնդիրներ

Հայաստանի հավաքականը Չեխիա է մեկնել 23 ֆուտբոլիստներով: Գլխավոր հարցականն է, թե ով է հանդես գալու կենտրոնական հարձակվողի դիրքում: Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի դեմ նախորդ 2 ընկերական խաղում այդ պարտականությունները կատարում էր Էդգար Մանուչարյանը, որն այժմ ակումբ չունի եւ չի հրավիրվել հավաքական: Գուցե վերջապես հնարավորություն կստանա Արթուր Սարկիսովը կամ կխաղա Ռուսլան Կորյանը, որը վերջին տուրերում գոլեր է խփում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում: Չմոռանանք նաեւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» նորեկ Դավիթ Արշակյանի մասին:

Հիանալի մարզավիճակում գտնվող եւ MLS-ում հանդես եկող Յուրա Մովսիսյանին փոխարինող գտնելու բարդ գործընթացը շարունակվում է...

Նախորդ խաղերը

Չեխիայի հավաքականի նախորդ 3 խաղերն անցկացրել է Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարում, որտեղ խմբային փուլի արգելքը հաղթահարել չհաջողվեց: Չեխերը պարտվեցին Իսպանիային (0:1), Թուրքիային (0:2) եւ ոչ ոքի խաղացին Խորվաթիայի հետ (2:2): Հայաստանի հավաքականը նախորդ 3 ընկերական խաղերից երկուսում հաղթել է: Այս տարվա մարտին Հայաստանի թիմը գոլազուկ ոչ ոքի խաղաց Բելառուսի հետ, իսկ ամռանն ԱՄՆ-ում անցկացրած հավաքի ընթացքում վստահ հաթանակներ տարավ Գվատեմալայի (7:1) եւ Էլ Սալվադորի (4:0) նկատմամբ: Հայաստանի հավաքականն այսօր կարող է տանել երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ մինչեւ ամերիկյան հավաքն ունեցել էր 14-խաղյա առանց հաղթանակների շարք:

Եվրո-2016-ից հետո Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Պավել Վրբային փոխարինել է Կարել Յարոլիմը:

ԱԱ-2018-ին ընդառաջ

2 թիմերն էլ վերջին փորձարկումները կկատարեն աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարից առաջ: Չեխիայի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա դանիացիների դեմ ընտրական հանդիպումը: Չեխերն էլ նույն օրը կընդունեն Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին:

Ստադիոնը

«Մեստսկի» ստադիոնում տնային հանդիպումներն է անցկացնում «Մլադա Բոլեսլավ» ակումբը, որը հանդես է գալիս Չեխիայի ուժեղագույնների լիգայում: Ստադիոնն ունի 5000 նստարան: Հայաստանի հավաքականը նախօրեին նախախաղային մարզում է անցկացրել «Մեստսկիում»:

Բուքմեյքերների ֆավորիիտը

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում չեխերին, որոնց հաղթանակի համար սահմանել է 1.44 գործակից: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 7.50 է, իսկ ոչ ոքին՝ 4.2:

Ընկերական խաղ, Մլադա Բոլեսլավ

Չեխիա – Հայաստան՝ Երեւանի ժամանակով 21:15-ին

Հայաստանի հավանական մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Արթուր Սարկիսով:

Ֆոտո՝ ՀՖՖ, ՖԻՖԱ

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում