21:11  ,  29 օգոստոսի, 2016

Ի՞նչ մարզավիճակում են Հայաստանի հավաքականի լեգեոնականները Չեխիայի եւ Դանիայի դեմ խաղերից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղով կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկին: Առաջին մրցակիցը Դանիան է:

NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի լեգեոնականների վերջին մրցելույթները ազգային թիմին միանալուց առաջ:

Պաշտպաններ

Գաել Անդոնյան («Մարսել», Ֆրանսիա). «Դիժոնում» վարձավճարով հանդես գալուց հետո 21-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է «Մարսել» եւ վերսկսել է մարզումները վնասվածքից հետո: Անդոնյանը մարզվել է ակումբի գլխավոր թիմի հետ, սակայն խաղացել է երկրորդ թիմի կազմում: Օգոստոսի 27-ին «Հիերեսի» հետ խաղում Անդոնյանը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե, «Մարսելը» հաղթեց 3:1 հաշվով:

Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան). Փորձառու պաշտպանը Թեհրանի թիմի հիմնական կազմում ամուր տեղ ունի: Նախորդ անգամ «Էսթեղլալը» հանդիպում է ունեցել օգոստոսի 11-ին: 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հովհաննես Համբարձումյան («Վարդար», Մակեդոնիա). Չնայած բազմաթիվ տրանսֆերային խոսակցություններին, Համբարձումյանը մնաց «Վարդարում»: Ոչ պաշտոնական տվյալներով, 25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էին «Լեսթերը», «Պարտիզանը», «Բրյուգեն», «Անդերլեխտը», «Սպարտակը»: Մակեդոնիայի առաջնության մեկնարկում Համբարձումյանը տեղ չէր ստանում հիմնական կազմում, սակայն աստիճանաբար սկսեց խաղալ եւ գոլի հեղինակ դարձավ գավաթային խաղում:

Վարազդատ Հարոյան («Փադիդե», Իրան). Այս ամռանը Երեւանի «Փյունիկից» Իրան տեղափոխված Հարոյանը վստահ սկսեց կարիերայի նոր փուլը: «Փադիդեի» գլխավոր մարզիչը հայտարարեց, որ գոհ է 24-ամյա խաղացողից: Օգոստոսի 11-ին կայացած նախորդ խաղում Հարոյանն անցկացրել է 90 րոպե:

Տարոն Ոսկանյան («Կարմիոտիսա», Կիպրոս). Այս ամռանը «Փյունիկից» հեռացած եւս մեկ խաղացող: Կիպրոսում 23-ամյա պաշտպանն անմիջապես ընդգրկվեց առաջնության նորեկի հիմնական կազմում: Օգոստոսի 28-ին «Կարմիոտիսան» 0:0 հաշվով խաղաց «Զակակիուի» հետ:

Լեւոն Հայրապետյան («Փեյքան», Իրան). Իրանի առաջնության առաջին երկու տուրերի հանդիպումներին մասնակցելուց հետո «Պեյքանի» 27-ամյա նորեկը վնասվածքի պատճառով բաց է թողել հաջորդ երկու հանդիպումները: Հուլիսի 31-ից Հայրապետյանը չի խաղացել:

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա). Հայաստանի հավաքականի առաջատարն ու ավագը հարմարման փուլում է Անգլիայում: Ժոզե Մոուրինյոն չի շտապում տեղ հատկացնել 27-ամյա ֆուտբոլիստին մեկնարկային կազմում: Պրեմյեր լիգայի առաջին երկու հանդիպումներում Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին, իսկ «Հալ Սիթիի» դեմ երրորդ տուրի խաղում՝ 60-րդ րոպեին: Երեք հանդիպումներն էլ հաղթական էին «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Մարկոս Պիզելի («Ալ Ֆուջեյրա», ԱՄԷ). 31-ամյա ֆուտբոլիստը ակումբի առաջատարներից մեկն է: Թիմը շարունակում է մարզումային հավաքը Գերմանիայում: Պիզելին մասնակցել է բոլոր ստուգողական հանդիպումներին, տպավորիչ գոլ է խփել տուգանայինից:

Արաս Օզբիլիս («Բեշիկթաշ», Թուրքիա). 26-ամյա կիսապաշտպանը լավ դրսեւորեց իրեն ստուգողական հանդիպումներում՝ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով: Սակայն Թուրքիայի առաջնության առաջին երկու տուրերում Օզբիլիսը ստացել է 6 րոպե խաղաժամանակ՝ «Ալանյասպորի» դեմ խաղում 84-րդ րոպեին փոխարինելով Ռիկարդու Կուարեժմային: Ստամբուլյան թիմը հաղթել է 4:1 հաշվով:

Գոռ Մալաքյան («Ստալ», Ուկրաինա). 22-ամյա ֆուտբոլիստը շարունակում է կայուն խաղալ ուկրաինական Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբի մեկնարկային կազմում: Օգոստոսի 28-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ Մալաքյանն անցկացրեց 79 րոպե: «Ստալը» պարտվեց 0:1 հաշվով:

Կառլեն Մկտչյան («Անժի», Ռուսաստան). Փորձառու հենակետային կիսապաշտպանը լավ մարզավիճակ է հավաքել ամռանը՝ կայուն խաղալով Մախաչկալայի թիմի ստուգողական հանդիպումներում: Չեխիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պավել Վրբայի ղեկավարությամբ 27-ամյա ֆուտբոլիստը սկսել է քիչ ժամանակ ստանալ: Հուլիսի 30-ին Մկրտչյանը առանց փոխարինման խաղաց ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի առաջնության մեկնարկային խաղում (0:0): Հաջորդ չորս հանդիպումներում նա խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ: Օգոստոսի 19-ին Կազանի «Ռուբինի» դեմ չորրորդ տուրի խաղում (2:1) Մկրտչյանը փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին:

Դավիթ Մանոյան («Կարմիոտիսա», Կիպրոս). 26-ամյա ֆուտբոլիստը Կիպրոսի առաջնության առաջին երկու տուրերում դուրս է եկել փոխարինման: Ընդհանուր անցկացրել է 52 րոպե:

Գեւորգ Ղազարյան («Մարիտիմու», Պորտուգալիա). Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Պորտուգալիայի առաջնության մեկնարկային տուրում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց 81 րոպե: «Վիտորիայի» դեմ երկրորդ տուրում նա փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին, իսկ օգոստոսի 28-ին տեղի ունեցած «Մորեյրենսեի» դեմ խաղում Ղազարյանը հայտնվեց ավելացված ժամանակում:

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան («ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան). Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 10 հանդիպումներում 28-ամյա հարձակվողը խփել է 4 գոլ: Օգոստոսի 17-ին Կորյանը «Սոկոլի» հետ հանդիպման ավելացված ժամանակում դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ բերելով իր թիմին՝ 3:2: Օգոստոսի 28-ին Կորյանը գրավեց «Տյումենի» դարպասը՝ նպաստելով «ԲՄԱ-Խաբարովսկի» հաղթանակին՝ 3:1:

Արթուր Սարկիսով («Մորդովիա», Ռուսաստան). Առաջին դիվիզիոնի նախորդ չորս հանդիպումներում 29-ամյա խաղացողը խփել է երկու գոլ: Օգոստոսի 6-ին Սարկիսովը գրավել է «Խիմկիի» դարպասը, օգոստոսի 21-ին՝ «Կուբանի»: Օգոստոսի 28-ին «Ֆակելի» դեմ խաղում Սարկիսովն անցկացրել է 82 րոպե:

Դավիթ Արշակյան («Չիկագո Ֆայր», ԱՄՆ). Լիտվայի «Տրակայից» ՄԼՍ տեղափոխված 22-ամյա ֆուտբոլիստը հասցրեց նորամուտը նշել ամերիկյան թիմում՝ 56-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Դի Սի Յունայթեդի» դեմ խաղում: «Չիկագո Ֆայրը» պարտվեց 2:6 հաշվով:

Գեղամ Կադիմյան («Կարպատներ», Ուկրաինա). Վնասվածքից ապաքինվելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Կարպատների» նախորդ երկու հանդիպումներին: Օգոստոսի 21-ին «Զարյայի» դեմ Կադիմյանը խաղադաշտում հայտնվեց 60-րդ րոպեին, օգոստոսի 28-ին «Օլիմպիկի» դեմ՝ 69-րդ րոպեին:

Չեխիա - Հայաստան ըներական խաղը կկայանա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում, իսկ Դանիա - Հայաստան ընտրական հանդիպումը՝ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում: 

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում