22:22  ,  27 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դժվարին հաղթանակին (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հալ Սիթիի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմյեր լիգայի երրորդ խաղում անընդմեջ մնացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում:

Առաջին խաղակեսում մանչեսթերցիներն ունեին խաղային ու տարածքային նկատելի առավելություն, սակայն իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Վերջնամասում հյուրերն ունեցան մի քանի վտանգավոր պահ, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում Ժոզե Մոուրինյոյի թիմը պահպանում էր տարածքային առավելությունը, բայց՝ առանց գոլային պահերի: 60-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինեց ֆրանսիացի Անտոնի Մարտիալին: Սկզբում Մխիթարյանը խաղում էր կիսապաշտպանության ձախ եզրում, բայց Խուան Մատայի փոխարինումից հետո տեղափոխվեց աջ եզր: Վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի վրա: 81-րդ րոպեին գոլային պահ ունեցավ Մխիթարյանը, որի հարվածն իր վրա վերցրեց «Հալ Սիթիի» պաշտպանը: Հայ կիսապաշտպանը եւս մեկ հարված կատարեց 90-րդ րոպեին, սակայն այս անգամ էլ գնդակն ընթացավ դարպասապահի վրա: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակում հյուրերը կարողացան հաղթանակ կորզել: 92-րդ րոպեին հաղթական գոլ խփեց փոխարինման դուրս եկած անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:

«Մանչեսթեր Յունայթեդը» տարավ երրորդ հաղթանակը եւ 9 միավորով վերադարձավ առաջին տեղ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերի խաղերում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: 

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1

Մարկուս Ռեշֆորդ, 90+2

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մարուան Ֆելաինի, Պոլ Պոգբա, Խուան Մատա (Մարկուս Ռեշֆորդ, 71), Անտոնի Մարտիալ (Հենրիխ Մխիթարյան, 60), Ուեյն Ռունի (Քրիս Սմոլինգ, 90+4), Զլատան Իբրահիմովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում