18:30  ,  26 օգոստոսի, 2016

Մարադոնա. Գուցե հավաքականից Մեսիի հեռանալու պատմությունը հատուկ էր արված

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ Արգենտինայի հավաքականից հեռանալու եւ ազգային թիմի վերադառնալու որոշումը:

«Չգիտեմ, գուցե Մեսիի հեռանալու պատմությունը հատուկ էր արված: Դա արվեց նրա համար, որ մարդիկ շուտ մոռանային Արգենտինայի հավաքականի վերջին 3 եզրափակիչներում կրած պարտությունները: Սկզբում նա պատրաստվում էր հեռանալ հավաքականից, իսկ շաբաթներ անց մտափոխվում է»,- Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Gazzetta World-ը:

Հիշեցնենք, որ Մեսին հրավիրվել է Արգենտինայի հավաքական՝ մասնակցելու Ուրուգվայի եւ Վենեսուելայի դեմ ԱԱ-2018-ի ընտրական խաղերին: ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո նա հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին, սակայն վերջերս հայտնեց մտափոխվելու մասին: Նա Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս հարձակվողը գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում