10:56  ,  26 օգոստոսի, 2016

«Բորուսիայի» ղեկավար. Հենրիխ Մխիթարյանը վատ տղա չէ

Մինո Ռայոլան երբեմն անցնում է թույլատրելիի սահմանը, սակայն նա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի կատարի ֆուտբոլիստի ցանկությունը, իսկ Հենրիխ Մխիթարյանն ամեն գնով ցանկանում էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն, որը Der Westen-ի հետ հարցազրույցում պատասխանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու եւ գերմանական ակումբից հեռանալու մասին հարցերին:

Արդյո՞ք Անդրե Շյուրլեին ձեռք բերելը փոխզիջում էր Թոմաս Տուխելի համար, քանի որ թիմը բաժանվել էր 3 առաջատարներից, այդ թվում՝ մարզիչի սիրելի խաղացողներից Հենրիխ Մխիթարյանից:

Իհարկե, մարզիչը ցանկանում էր, որ նա մնար: Սակայն ամեն բան «Բորուսիան» չի որոշում: Բոլորս լիովին վստահ էինք, որ նա մնալու է:

Որտեղի՞ց էր այդ վստահությունը:

Նրա հետ բանակցություններից:

Նա խաբե՞լ է Ձեզ:

Նա վատ տղա չէ: Եվ նա չխաբեց այդ բառի ուղիղ իմաստով: Սակայն կա իրավիճակ, երբ տարբեր մարդիկ տարբեր կերպ են հետաքրքրվում ասված խոսքով: Մեր խոսակցություններից միշտ ենթադրություններ էինք անում, որ նա ցանկանում է մնալ «Բորուսիայում»: Դա առասպել է, թե նրան հեռանալ ստիպեց իր չար գործակալը: Իրականում, Մինո Ռայոլան մի քիչ տարօրինակ մարդ է: Երբեմն նա անցնում է թույլատրելիի սահմանը: Սակայն նա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի կատարի ֆուտբոլիստի ցանկությունը, իսկ խաղացողն ամեն գնով ցանկանում էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Սակայն, մյուս կողմից, մենք նրա համար ստացանք մի գումար, որը չէինք սպասում: Ես նրա վաճառքից ակնկալում էի 25 միլիոն եվրո, բայց ավելի ուշ մենք ստացանք ավելի շահավետ առաջարկ: Մենք չունեինք տարբերակ:

Դուք հիասթափվա՞ծ եք Մխիթարյանից:

Ես հիասթափված էի, երբ նա «Բավարիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հրաժարվեց 11 մետրանոցից: Թիմի առաջատարները միշտ պետք է առաջին շարքերում լինեն ամեն տեղ: Սակայն ես չհիասթափվեցի, որ նա հեռացավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում