12:44  ,  25 օգոստոսի, 2016

Գվարդիոլա. Հարթը «Մանչեսթեր Սիթիի» լեգենդն է, բայց ես այստեղ եմ որոշումներ ընդունելու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է անգլիացի դարպասապահ Ջո Հարթին, որը վերջին շրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում, բայց ռումինական «Ստյաուայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղին մասնակցեց առաջին րոպեներից:

«Ես գիտեմ, որ Ջոն ակումբի լեգենդն է: Ակումբի՝ այսքան բարձր դիրքում մնալու պատճառներից մեկը հենց Հարթն է: Նա «Մանչեսթեր Սիթիին» օգնել է քայլ առաջ կատարել, եւ ես գոհ եմ, թե ինչպես երկրպագուներն աջակցեցին նրան խաղից հետո:

Ինձ այստեղ են հրավիրել որոշումներ ընդունելու համար: Այո, ես նույնպես սխալվում եմ մարզչական կարիերայիս ընթացքում: Երբեմն որոշումը հաջող է ստացվում, երբեմն՝ անհաջող: Չեմ կարող ժխտել, թե ինչպես եմ տեսնում խաղը, եւ անկեղծ եմ եղել Հարթի ու ակումբի ղեկավարության հետ: Դա հենց այն է, ինչը ես միշտ եմ փորձում անել:

Հասկանում եմ երկրպագուներին ու նրանց դժգոհությունը: Հարթը երկար տարիներ է անցկացրել «Մանչեսթեր Սիթիում» եւ, միաշանակ, ակումբի համար արել է ավելին, քան ես»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կայքը:

Հիշեցնենք, որ վերջերս Գվարդիոլան ու Հարթը վիճել էին մարզման ժամանակ: Անգլիական ակումբը մոտ է «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի ձեռք բերելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս