16:10  ,  24 օգոստոսի, 2016

Ռոնալդու. Չէի մտածում, որ Պորտուգալիան կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն

Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չէր սպասում ազգային թիմի պատմական հաջողությանը Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ում:

«Առաջնությունից առաջ մենք ակնկալում էինք հավաքականի հաջող ելույթը, խմբից դուրս գալն ու քառորդ եզրափակիչ հասնելը: Ցանկացած առաջխաղացում մենք գնահատում էինք որպես բոնուս: Անկեղծ ասած, չէի մտածում, որ Պորտուգալիան կարող է հաղթել Եվրոպայի առաջնությունում:

Ամեն խաղից հետո սկսում էինք ավելի շատ հավատալ, որ դա հնարավոր է: Արդյունքում, մենք արժանացանք հաղթանակի: Խաղացինք իսկական թիմի պես, եւ շնորհավորել կարելի է մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Ռոնալդուի, որը ծնկի վնասվածքի պատճառով պատգարակով լքել էր խաղադաշտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս