00:10  ,  24 օգոստոսի, 2016

Ռոնալդու. «Ռեալի» հաջողությունները հնարավոր չէին լինի առանց Զիդանի

Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն օգոստոսի 25-ին Մոնակոյում ներկա կլինի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը: Նա մրցանակի երեք հավակնորդներից մեկն է: Մոնակոյում տեղի կունենա նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այդ արարողությանը: Դա խոսում է այն մասին, որ կատարվել է անհատական եւ կոլեկտիվ հսկայական աշխատանք: «Ռեալի» հետ մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը: Դա հրաշալի պահ էր ինձ համար:

«Ռեալի» հաջողությունները հնարավոր չէին լինի առանց Զինեդին Զիդանի: Նրա հետ «Ռեալը» սկսեց ավելի լավ խաղալ: Մենք վատ մեկնարկեցինք անցած մրցաշրջանում, սակայն լավ ավարտեցինք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են նաեւ «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում