19:45  ,  23 օգոստոսի, 2016

Խորեն Բայրամյանը՝ «Ռոստով» վերադառնալու, ծանր վնասվածքի եւ կրտսեր եղբոր մասին

Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է ռոստովյան ակումբ վերադառնալու, ծանր վնասվածքի եւ «Կրասնոդարի» երիտասարդական թիմում հանդես եկող կրտսեր եղբոր մասին:

«2015-ի ամռանը որեւէ թիմի հետ պայմանագիր չունեի: Փորձաշրջան անցա «Մորդովիայում» եւ «Տոմում», բայց այդ թիմերը չցանկացան համագործակցել ինձ հետ: Հետո Կուրբան Բերդիեւը թույլ տվեց ինձ փորձաշրջան ունենալ «Ռոստովում»: Երկու շաբաթ թիմի հետ մարզվեցի Սերբիայում եւ կնքեցի պայմանագիր:

Շատ էի ցանկանում խաղալ Ռոստովում: Այստեղ շատ ընկերներ եւ բարեկամներ ունեմ: Նրանք լինում են իմ խաղերին: Տրիբունաները շատ ջերմ են ընդունում ինձ: Ակումբակիցներս դա նկատում են:

Մարզումներից մեկի ժամանակ ստացա ծնկահոդի ծանր վնասվածք՝ խաչաձեւ կապաններն էին կտրվել: Շատ էի վախեցել: Շոկի մեջ էի: Հետո կարողացա հավաքվել եւ պատրաստվել վերականգնմանը: Կինս, ծնողներս, եղբայրս ինձ հետ էին: Շատ շնորհակալ եմ նրանց:  Աշնանը երեխա կունենանք: Երջանիկ եմ, որ ճակատագիրը մեզ միավորել է: Ունեմ նաեւ կրտսեր եղբայր: Լեւոնը հանդես է գալիս «Կրասնոդարի» երիտասարդական թիմում: Շատ եմ կարոտում նրան: Բայց մենք մարզիկներ ենք, եւ մեր մասնագիտության համար սովորական երեւույթ է իրարից հեռու լինելը: Հույս ունեմ, որ նա ինձնից լավ կխաղա»,- 24-ամյա Խորեն Բայրամյանի խոսքը մեջբերում է «Ռոստովի» պաշտոնական կայքը:

Խորեն Բայրամյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է երկու հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս